19 դեկտեմբերի 2012 - 13:15 AMT
Ժերար Դեպարդյեն դիտարկում է Ռուսաստան տեղափոխվելու հնարավորությունը

Դերասան Ժերար Դեպարդյեն, որն ավելի վաղ հայտարարել էր Ֆրանսիայի քաղաքացիությունից հրաժարվելու հնարավորության մասին, հայտարարել է, որ Բելգիայից բացի, որտեղ նա արդեն անշարժ գույք է ձեռք բերել, դիտարկում է նաև Ռուսաստան կամ Չերնոգորիա տեղափոխվելու հնարավորությունը, գրում է Le Monde թերթը:

Նախընտրական նախագահական քարոզարշավի ժամանակ սոցիալիստների առաջնորդ Ֆրանսուա Օլանդն առաջարկել է բյուջեի պակասուրդը հաղթահարելու համար 2013թ. բարձրացնել եկամտահարկը, տարեկան 1 մլն եվրո աշխատող քաղաքացիների համար այն հասցնելով 75 տոկոսի: Որոշ ունեվոր մարդիկ, այդ թվում նաև Դեպարդյեն, որոշեցին հեռանալ երկրից: Վարչապետին հղած նամակում դերասանը հայտարարեց, որ հրաժարվում է ֆրանսիական անձնագրից ու սոցիալական ապահովագրությունից:

Ավելի վաղ, բելգիական ԶԼՄ-ները հայտնել էին, որ դերասանն արդեն տուն է գնել Բելգիայի Նեշեն փոքր քաղաքում, որտեղ բնակություն են հաստատել բազմաթիվ ֆրանսիացի միլիոնատերեր: Ըստ Le Monde թերթի, ընկերների հետ ընթրիքի ժամանակ Դեպարդյեն ասել է, որ արդեն «առնվազն երեք երկիր կարող է նրան ընդունել»: «Բելգիան, որտեղ ես տուն եմ գնել, Չերնոգորիան, որտեղ ընկերներ ու գործարար շահեր ունեմ և Ռուսաստանը»,-ասել է նա, գրում է պարբերականը: