19 դեկտեմբերի 2012 - 16:57 AMT
Բրիտանական հավաքածուներից շուրջ 212 հազար աշխատանքներ ներկայացված են համացանցում

Բրիտանական Public Catalogue Foundation (PCF) կազմակերպությունը BBC-ի հետ միասին ավարտել է իր դարակազմիկ նախագիծը` թվայնացնելով բրիտանական հանրային ժողովածուներում պահվող գեղանկարչության բոլոր ստեղծագործությունները: Այդ մասին հաղորդվում է Your Paintings նախագծի էջում, որտեղ կարելի է ծանոթանալ աշխատանքի արդյունքների հետ:

Your Paintings-ի նախագիծը գործարկվել է 2011-ին BBC կայքի բազայում: Այդ ընթացքում նրա կազմակերպիչները կատարել են բոլոր նկարների որոնման ծավալուն հետազոտություն, որոնք գտնվում են հանրային հավաքածուներում, ինչպես նաև թվայնացրել են դրանք: Ներկա պահին կայքում ներկայացված են շուրջ 212 հազար աշխատանքներ, որոնք ներառում են ավելի քան 600 տարիների պատմություն:

Նախագծին մասնակցել են ավելի քան 3 հազար կազմակերպություններ` թվայնացման համար ներկայացնելով իրենց մոտ պահվող նկարները: Դրանք եղել են ոչ միայն թանգարաններ, պատկերասրահներ և համալսարաններ, այլ նաև քաղաքային խորհուրդներ, ոստիկանության բաժիններ: «Որոնումները հոգնեցուցիչ են եղել»,- ասել է Public Catalogue Foundation-ի տնօրեն Էնդրյու Էլիսը: