19 դեկտեմբերի 2012 - 21:29 AMT
ԿԱՐԾԻՔ
Բաքուն մեղադրում է ԵԱՀԿ ՄԽ-ին` սկզբունքայնության բացակայության մեջ, քանի որ իր հայտարարությունների համար «վզակոթին չի ստանում»

Այս անգամ Ադրբեջանը մեղադրել է ԵԱՀԿ Մինսկի խմբին, որ վերջինս անհրաժեշտ սկզբունքայնություն չի ցուցաբերում: Այս մասին լրագրողներին է հայտարարել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը: Ամբողջ խնդիրը Ստեփանակերտի օդանավակայնի շահագործման հարցում միջնորդների դիրքորոշումն է: Բաքվի պնդմամբ, այս հարցում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները «խայտառակ դիրքորոշում» ունեն:

«Նրանք պետք է հասկանան, որ եթե Հայաստանն այդպես վարվի, ապա դա մեծ ճգնաժամի կհանգեցնի: Այսինքն, Ադրբեջանը չի ների և անպատասխան չի թողնի այդքան անօրինական գործողությունները»,-հայտարարել է Ազիմովը, ոգևորվելով նրանից, որ Ադրբեջանին ամեն ինչ ներվում է:

Ակամայից վերհիշում ես ռուսական ասացվածքը, որ «Լկտիությամբ կարելի է ամեն ինչ»: Եվ սա այն դեպքում, երբ Ադրբեջանն անպատիժ է մնում նրա համար, որ բազմաթիվ տարիների ընթացքում ջանում է թույլ չտալ ղարաբաղյան հակամարտության լուծումը, անտեսում է նույն ԵԱՀԿ ՄԽ-ի` շփման գծում միջադեպերի հետքաննության մեխանիզմներ ստեղծելու, շփման գծից դիպուկահարներին հեռացնելու, հրադադարի ռեժիմը պահպանելու կոչերը, խաթարում է հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները, մեծ քանակությամբ զենք և սպառազինություն է գնում և արտադրում, ինչպես նաև Հայաստանին ու Արցախին նոր պատերազմով է սպառնում: Սակայն երևի Բաքուն արդեն չի կարող կանգ առնել և հերթական «վիրավորանքի» պատճառը օդանավակայանի շահագործման վերաբերյալ ՄԽ ադեկվատ արձագանքն էր, որը, ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Լեռնային Ղարաբաղի ինքնորոշված ժողովրդի իրավունքն է: Նա նշել է, որ դա 21-րդ դարում ԼՂՀ-ում ապրող մարդկանց նորմալ կենսագործունեության ապահովման կարևոր նախապայման է: Սա, իհարկե, հասկանում են բոլորը, բացի, բնականաբար, Ադրբեջանից:

Եթե ինչ-ինչ հարցերում դրսևորվում է Մինսկի խմբի սկզբունքայնության բացկայությունը, ապա դա վերաբերում է նրան, որ Բաքվին արժանի պատասխան չի տրվում իր բացահայտ անպատկառ արտահայտությունների համար: Սակայն լիովին հնարավոր է, որ նման ապտակ կարող է հանդիսանալ հայկական կողմի վերջին նախաձեռնության ընդունումը: Տիգրան Սարգսյանի շուրթերից հնչած հայտարարությունում առաջարկվում է պատժամիջոցներ կիրառել ցանկացած երկրի նկատմամբ, որը կփորձի Ղարաբաղյան հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով: «Միջազգային հանրությունը պետք է իր հստակ դիրքորոշումն արտահայտի այս հարցի առնչությամբ, որը պետք է արտահայտի միջազգային փաստաթղթում: Այդ փաստաթղթով նախ և առաջ պետք է հաստատվի, որ ուժային մեթոդներով ղարաբաղյան հակամարտությունը լուծելու յուրաքանչյուր երկրի նկատմամբ պետք է կիրառվեն հստակ միջազգային պատժամիջոցներ»,-հայտարարել է ՀՀ վարչապետը` Շվեդիայի, Լեհաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարների հետ հանդիպման ժամանակ:

Գուցե այդ ժամանակ, «վզակոթին ստանալով», Բաքուն ի վերջո կկծի լեզուն և կսկսի մտածել ղարաբաղյան հակամարտության լուծման մասին:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN News