19 դեկտեմբերի 2012 - 20:56 AMT
ԱԺ մշտական հանձնաժողովն ու Ժնևի կենտրոնը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի և Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի միջև դեկտեմբերի 19-ին ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է ապահովել ՀՀ անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության արդյունավետությունը: Հուշագիրն ստորագրեցին ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը և Ժնևի կենտրոնի ղեկավարի տեղակալ Ֆիլիպ Ֆլյուրին:

Կողմերը կհամագործակցեն հանձնաժողովի գործունեության ոլորտներում օրենսդրական գործընթացի արդյունավետության բարձրացման, զինված ուժերում քաղաքացիական վերահսկողության ընթացակարգերի մշակման և ներդրման, ինչպես նաև ուժային կառույցների տարբեր հաստատություններ այցերի կազմակերպման, փորձագիտական աշխատանքների իրականացման ուղղությամբ:

Հանձնաժողովին առընթեր կստեղծվի խորհրդատվական խումբ, որը կիրականացնի փորձագիտական գործունեություն՝ հանձնաժողովին տրամադրելով օրենսդրական խորհրդատվություն և առաջարկներ, որոնք կվերաբերեն հանձնաժողովի իրավասությանը վերապահված հարցերին, իսկ Ժնևի կենտրոնը կաջակցի խմբի աշխատանքներին:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը համոզմունք հայտնեց, որ հուշագիրը կողմերի միջև արդյունավետ համագործակցության ամուր իրավական հիմք կդառնա և կապահովի անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության գործում կողմերի համագործակցության շարունակականությունը, հաղորդում է հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: