19 դեկտեմբերի 2012 - 21:26 AMT
Կենդանաբանական այգու տաղավարը Հյուսիսային պողոտայում կգործի մինչև դեկտեմբերի 30-ը

Ամանորի և Սուրբ Ծնունդի տոնավաճառի` Երևանի կենդանաբանական այգու տաղավարը կգործի մինչև դեկտեմբերի 30-ը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնեցին Կենդանաբանական այգու լրատվության բաժնից:

Տոնավաճառին Կենդանաբանական այգին ներկայացված է այգու էկոլոգիական ակումբի սաների կողմից պատրաստված ամանորյա ձեռագործ կախազարդերով, տոնածառի խաղալիքներով, հուշանվերներով, Երևանի կենդանաբանական այգու «Զու» ամսագրով, այգու կենդանատեսակներին պատկերող կրծքանշաններով և վերամշակված թղթից պատրաստված նոթատետրերով, նկարչական ալբոմներով ու նոր տարվա բացիկներով:

Մինչև դեկտեմբերի 30-ը տոնավաճառում ներկայացված է նաև «Ապրող ծառ» նախագիծը: Տաղավարում ցուցադրվում են ծառատեսակի նմուշներ, ըստ որի տոնավաճառի այցելուները ցանկության դեպքում Երևանի կենդանաբանական այգու տարածքից կարող են վարձակալել կամ ձեռք բերել ամանորյա «կենդանի» ծառեր:

Ողջ հասույթը կտրամադրվի Երևանի կենդանաբանական այգու կենդանիների խնամքին, իսկ ծառերը գարնանը կտնկվեն կենդանաբանական այգու տարածքում: