Կարեն Աղամալյան. Ես գոհ եմ ԵԱ-ում թիմի ելույթից, բայց տղաները դեռ շատ պետք է աշխատեն իրենց վրա

Կարեն Աղամալյան. Ես գոհ եմ ԵԱ-ում թիմի ելույթից, բայց տղաները դեռ շատ պետք է աշխատեն իրենց վրա

PanARMENIAN.Net - Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը, ում գլխավորությամբ հայ բռնցքամարտիկները մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում նվաճել են երեք մեդալ, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ առաջնությունը շատ բարդ է եղել:

«Առաջնությունում հանդես են եկել Օլիմպիական խաղերի մասնակիցներ և մրցանակակիրներ: Մեր թիմն առաջնությունում ամենաերիտասարդն էր, հավաքականի միջին տարիքը կազմում է 20 տարեկան: Ես սպասում էի, որ մենք մեդալներ կնվաճենք և ուրախ եմ, որ իմ տղաները կարողացան ուրախացնել ինձ»,- ասել է մարզիչը:

Նրա խոսքով, Կորյուն Սողոմոնյանը, ով ոսկի է նվաճել, շատ լարված մենամարտեր է անցկացրել: Եզրափակչում հաշիվը հավասար էր, բայց վերջին ռաունդում նա մի միավորով առաջ անցավ մրցակցից և դարձավ չեմպիոն. «Կորյունը շատ հեռանկարային երիտասարդ բռնցքամարտիկ է: Նա դեռ պետք է շատ աշխատի իր վրա, բայց ընդհանուր առմամբ ես գոհ և շնորհակալ եմ, որ նա կարողացավ իրեն այդքան լավ դրսևորել Եվրոպայի առաջնությունում»:

Արամ Ավագյանի և Նարեկ Աբգարյանի մասին, ովքեր նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ, Աղամալյանն ասել է. «Նրանք նույնպես արեցին այն ամենն, ինչ կարող էին, անցկացրեցին գեղեցիկ և արժանի մարտեր: Ես գոհ եմ թիմի ելույթից, բայց մենք դեռ շատ անելիք ունենք»:

Նշենք, որ Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությունում ընդհանուր թիմային հաշվարկում զբաղեցրել է չորրորդ տեղը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---