Եվրոպացի փորձագետն առաջարկում է «թարմ արյուն» ներարկել ղարաբաղյան կարգավորման գործընթացում20 դեկտեմբերի 2012 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Անգլալեզու թուրքական todayszaman.com պորտալում հրապարակվել է Բրյուսելում գործող Եվրոպական քաղաքականության կենտրոնի փորձագետ Ամանդա Փոլի «Լեռնային Ղարաբաղը և 2012-ը. հերթական բաց թողած տարին» հոդվածում: Հոդվածում ասվում է, որ ղարաբաղյան հակամարտությունը դեռևս լուծված չէ: «Թեև այն մեծ վտանգ է ներկայացնում հարավկովկասյան տարածաշրջանի համար, միջազգային հանրությունը քիչ ուշադրություն է հատկացնում նրան: 2011թ. անարդյունավետ էր Ղարաբաղի համար: Ցավոք, 2012-ը ևս չնշանավորվեց առաջընթացով: ԵԱՀԿ ՄԽ վարած բանակցային գործընթացը փակուղի է մտել: Ճնշման իրական լծակներ ունեցող ուժերի ազդեցությունը կողմերի վրա քիչ էր հակամարտությունը կարգավորելու համար: Երկու երկրների նախագահները չեն հանդիպել սկսած փետրվարից»,-ասվում է հոդվածում: Փոլը նշել է, որ Դուբլինում ԵԱՀԿ ԱԳՆԽ վերջին նիստում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ արեցին կողմերին քաղաքական կամք դրսևորել խաղաղ համաձայնության հասնելու համար, սակայն երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումներն անարդյունք ավարտվեցին: «Իրավիճակը մնում է վտանգավոր: Խախուտ հրադադարը խախտվում է: 2012թ. 30 կորուստ է արձանագրվել, այդ թվում նաև երեխաների: Գարնանը հրադադարի խախտման դեպքերն ավելի հաճախակի դարձան: Քլինթոնի այցը տարածաշրջան չնպաստեց լարվածության թուլացմանը: Իրավիճակը լարվում է նաև այն պատճառով, որ կողմերը շարունակում են արդիական զենք գնել»,-ասվում է հոդվածում: Ըստ փորձագետի, աշունը ևս լարված էր: «Առաջին հերթին, Հունգարիայի կողմից ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի արտահանձնման պատճառով, որին Բաքվում ներում շնորհվեց ու կոչումը բարձրացվեց: Երկրորդը, Ստեփանակերտի օդակայանը շահագործելու հայկական կողմի հայտարարության պատճառով, ինչը զայրացրեց Բաքվին: Նոր բախումը օգուտ չի տա Հայաստանի ու Արդբեջանի ղեկավարներին: Պատերազմի հետևանքները շատ ծանր կլինեն, դուրս կգան տարածաշրջանի սահմաններից և կարող են այլ ուժերի ևս ներգրավել, կարող են նույնիսկ վնասվել խողովակաշարերը»,-ասվում է հոդվածում: Ամանդա Փոլը գտնում է, որ 2013թ. խոստանում է մարտահրավերների տարի լինել, քանի որ Հայաստանում և Ադրբեջանում նախագահական ընտրություններ են լինելու «Այս ֆոնին միջազգային հանրության արձագանքն առավել ուժեղ ու ակտիվ պետք է լինի: Հարկավոր է նաև «թարմ արյուն» ներարկել: ԵԱՀԿ ՄԽ ներկայիս համանախագահները, հավանաբար, չեն փոխարինվի, սակայն, ըստ որոշ վերլուծաբանների, ՄԽ նոր կազմը կարող է ազդել իրավիճակի վրա»,-ասվում է հոդվածում: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյան․ ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով, որոնք կկայանան 2026-ին Նա նշել է, որ 2018-ին ՀՀ իշխանությունը ձևավորված չէր ընտրությունների միջոցով և ժողովուրդը վերականգնեց իր ընտրելու իրավունքը Բիզնես գաղափարներ` պատանիներից․ 6-րդ Fastex Meetup-ը կայացել է Fastex Meetup հանդիպումների շարքը շարունակական է Երևանում քամուց շինությունների տանիքներ, թիթեղյա ծածկեր են վնասվել, կոտրվել են ծառեր Փրկարարներն իրականացրել են կոտրված ծառերի մասնատման, թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ |