20 դեկտեմբերի 2012 - 14:27 AMT
Մոսկվայում ձերբակալվել է «Ինպրոֆստրոյ» ընկերության գլխավոր տնօրեն Հովիկ Ալեքսանյանը`գործընկերոջ սպանությունը պատվիրելու համար

Երեկ Մոսկվայում ձերբակալվել է «Ինպրոֆստրոյ» շինարարական ընկերության գլխավոր տնօրեն Հովիկ Ալեքսանյանը, ով պատվիրել էր իր նախկին գործընկեր Արմեն Շահինյանի սպանությունը: Սպանությունը կանխելու համար քրեական հետախուզության աշխատակիցները կեղծել են Արմեն Շահինյանի սպանությունը` նրան գրիմ անելով որպես դիակ:

Շահինյանի նախապատրաստվող սպանության մասին քրեական հետախուզության աշխատակիցներն իմացել են 2012-ի սեպտեմբերին: Ինչպես հայտնի է դարձել խուզարկուներին, Ալեքսանյանը սպանության իրագործումը հանձնարարել է ՊՆ պաշտոնաթող սպա Վլադիմիր Տումանովին, ով կապեր է ունեցել հանցավոր աշխարհում: Սպանությունը կազմակերպելու համար Տումանովին խոստացվել է 3,5 մլն ռուբլի, հաղորդում է Lenta.ru-ն:

Քրեական հետախուզության աշխատողները որպես հանցավոր աշխարհի ներկայացուցիչներ հանդիպել են Տումանովի հետ և խոստացել նրան սպանել Շահինյանին 2 մլն ռուբլիով: Բացի դրանից, խուզարկուները կապվել են Շահինյանի հետ և հաղորդել նրան նախապատրաստվող մահափորձի մասին, գրում է «Կոմերսանտ» թերթը:

Դեկտեմբերի սկզբին հետախուզության աշխատակիցները կազմակերպել են ռեստորանից Շահինյանի կեղծ առևանգումը, ինչի մասին հայտնել են Հովիկ Ալեքսանյանին:

Ալեքսանյանին և Տումանովին մեղադրանք է ներկայացվել ՌԴ ՔՕ 30 հոդվածի 1-ին և 105 հոդվածի 2-րդ մասերով (շահադիտական մղումներից կատարված մահափորձ): Առավելագույն պատիժը ցմահ բանտարկությունն է: