20 դեկտեմբերի 2012 - 14:52 AMT
Սոցիոլոգիական ասոցիացիան և Gallup-ը հրապարակեցին ընտրությունների սոցհարցումների առաջին արդյունքները

Դեկտմբերի 5-16-ը Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան Gallup-ի հետ համատեղ Հայաստանի ողջ տարածքով իրականացրել է սոցիոլոգիական հարցում, որի գլխավոր թեման Հայաստանում առաջիկա նախագահական ընտրություններն են: Հանրային կարծիքի ուսումնասիրությունը կատարվել է Արմնյուզ լրատվական հեռուստաալիքի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ: Հարցումն իրականցվել է 1020 չափահաս բնակիչների շրջանում: Հարցումներն արվել են այն ժամանակ, երբ հայտնի չէր ոչ մի թեկնածուի անուն, և Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը:

Արդյունքները ներկայացվեցին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Ըստ Gallup-ի ներկայացուցիչ Ռասա Ալիշաուսկինեյի, ընտրությունների հանդեպ մեծ հետաքրքրություն կա: Հարցվածների 42 տոկոսն անպայման գնալու է ընտրությունների, 36 տոկոսը` հավանաբար:

Ըստ հարցումների, 49 տոկոսը քվեարկելու են ՀՀ ներկա նախագահ Սերժ Սարգսյանի օգտին, 21 տոկոսը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, 6 տոկոսը` Լևոն Տեր-Պետրոսյանի, 5 տոկոսը` Ռոբերտ Քոչարյանի, նույնքան տոկոս էլ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին:

Հարցվածներից 39 տոկոսը երբեք չէր քվեարկի Լևոն Տեր-Պտրոսյանի, 16-ը Արթուր Բաղդասարյանի, 12-ը Ռոբերտ Քոչարյանի, 11-ը ներկա նախագահի օգտին:

Իշխող ՀՀԿ կուսակցությունը, ըստ հարցումների, առաջատար է համարվում: 47 տոկոսն այն համարում է իրեն ամենամոտը, երկրորդ տեղում է ԲՀԿ-ն՝ 32 տոկոս:

Նույն կառույցները հարցումներ կիրականացնեն նաև հունվարին, և ընտրությունների նախաշեմին: Ըստ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանի, ընտրությւոններին կմասնակցի բնակչության մոտ 65 տոկոսը: