20 դեկտեմբերի 2012 - 17:52 AMT
ԵՄ պատվիրակության ղեկավար. 2012-ը Հայաստանի համար եվրոպական տարի էր

Հայաստան-ԵՄ համագործակցության հարցում շատ բան կախված է նրանից, թե ինչպես կանցկացվեն 2013-ի նախագահական ընտրությունները: Այսօր Երիտասարդ առաջնորդների դպրոցի և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախաձեռնած դասախոսության ժամանակ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան ընդգծեց, որ ընտրությունները պետք է լինեն ազատ, արդար և թափանցիկ: «Դրանք ցույց կտան, թե որքանով է Հայաստանը հավատարիմ ԵՄ չափանիշներին և ԵՄ-ի հետ ընթացող գործընթացներին»,- ասաց դեսպանը: Նա նկատեց, որ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները խոստումնալից էին և այդ մասին են ասում միջազգային դիտորդների զեկույցները:

Դեսպանն ասաց, որ 2012-ը Հայաստանի համար եվրոպական տարի էր: «Մենք ունեցանք շատ կարևոր տարի և մեզ սպասում է շատ դժվար աշխատանքի տարի: Մենք պետք է մշակենք հստակ չափանիշներ 2014-2020 թթ. հետագա համագործակցության համար»,- ասաց Տրայան Հրիստեան: