20 հունիսի 2005 - 12:47 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ
Հայաստանի սահմանադրական բարեփոխումների ոլորտում կա դրական առաջխաղացում: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Ցանկալի կլիներ, որ սահմանադարական փոփոխությունները Հայաստանում արժանանային Վենետիկի հանձնաժողովի լիակատար հավանությանը»,-հայտարարել է նախարարը: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ համաձայն չէ Վենետիկի հանձնաժողովի որոշ դիտողությունների հետ, քանի որ երկիրը ինքը պիտի ընտրի կառավարման ձեւը եւ դրանից բխող ընտրության սկզբունքները, եւ միայն դրանից հետո աշխատանք տանի դրանք եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Ինչպես նշել է Վարդան Օսկանյանը, Հայաստանի եվրաինտեգրման գործընթացում շրջադարձային կարող է լինել անցյալ շաբաթ Բրյուսելում ՆԱՏՕ-ի խորհրդին ներկայացված հայկական IPAP ծրագրի հաստատման ներկայացնելը, ինչպես նաեւ Հայաստանի կողմից մշակված Հայաստան-ԵՄ գործողությունների ծրագրի առաջարկությունների նախնական փաթեթի ներկայացումը եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների եւ ԵՄ նոր հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտե Ֆերերո-Վալդներին: Ըստ նրա, դա նոր էջ է բացում Հայաստան-ՆԱՏՕ եւ Հայաստան-ԵՄ հարաբերություններում: Մեկնաբանելով Հայոց ցեղասպանությանը նվիրված կոնֆերանսի կազմակերպումը Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում` Վարդան Օսկանյանը նշեց, որ բոլոր ելույթ ունեցողները կոչ են արել Թուրքիային ճանաչել ցեղասպանությունը, եւ որ կոնֆերանսի անցկացումը ինքնին կարեւոր քայլ էր: Այն հարցին, թե չի առաջարկվել արդյոք նրան հանդիպել թուրքական կառավարության ներկայացուցիչների հետ ԱՄՆ-ում` Օսկանյանի Վաշինգթոն կատարած այցի ժամանակ, նախարարը նշել է, որ նման առաջրկներ չի ստացել: