21 հունիսի 2005 - 08:23 AMT
ԲԱՔՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ
Ադրբեջանի փոխարտգործնախարար, ղարաբաղյան հարցի շուրջ բանակցություններում նախագահի հատուկ ներկայացուցիչ Արազ Ազիմովը հայտարարել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարներ Էլմար Մամեդյարովի եւ Վարդան Օսկանյանի Փարիզում կայացած հանդիպումը գտնում է արդյունավետ: Նրա խոսքերով` Փարիզում շոշափվել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ` Լեռնային Ղարաբաղի եւ Նախիջեւանի տարածքներով անցնող ընդհանուր օգտագործման ճանապարհին առնչվող հարցեր: Այժմ Բաքուն պատասխան է ակնկալում Երեւանից: Նրա խոսքերով` Բաքուն Հայաստանին առաջարկում է ընդհանուր օգտագործման ճանապարհ եւ հույս ունի, որ առաջարկությունը կընդունվի Երեւանի կողմից, քանզի կողմերը շահագրգռված են հուսալի հաղորդակցություններում: Ազիմովը տեղեկացրել է, որ ընդհանուր ճանապարհը նախատեսվում է անցկացնել Աղդամի, Ստեփանակերտի, Շուշիի մոտով, այնուհետեւ Գորիսի, Սիսիանի տարածքով մինչեւ Նախիջեւան: Փոխնախարարը գտնում է, որ այդ նախագծի առավելությունը կայանում է նրանում, որ երկու կողմերի օգտագործման դեպքում նրանցից ոչ մեկը շահագրգռված չի լինի դրա շրջափակմամբ: Հայտնի է դարձել նաեւ, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի ձեռքբերման համար գումարվելու է դոնոր խորհրդաժողով, իսկ հաղորդակցությունների անվտանգությունն ապահովելու են միջազգային ուժերը, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: