21 դեկտեմբերի 2012 - 13:40 AMT
Կարեն Աղամալյան. ԵԱ աչքի ընկավ մրցավարության բարձր մակարդակով

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը, ում գլխավորությամբ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում հայ բռնցքամարտիկները նվաճեցին երեք մեդալ (Կորյուն Սողոմոնյան` ոսկե, Արամ Ավագյան` արծաթե և Նարեկ Աբգարյան` բրոնզե), նշեց, որ առաջնությունն աչքի է ընկել մրցավարական բարձր մակարդակով:

«Ես այսքան ժամանակ բռնցքամարտի մեջ եմ, բայց վերջին 10-15 տարիներում նման լավ մրցավարություն չէի տեսել: Շատ լավ էին աշխատում մրցավարները, և «չէին խանգարում» և ոչ մի մարզիկի»,- նշեց Աղամալյանը:

Ըստ նրա, այդ Եվրոպայի առաջնության մասնակիցների 90% կազմում է ազգային թիմի կորիզը, սակայն պետք է դեռ շատ աշխատել ու ապացուցեն իրենց տեղը հավաքականում:

«Հունվարին կայանալու է Հայաստանի առաջնությունը, որից հետո թիմի մի մասը ելույթ կունենա Բուլղարիայի, մյուս կեսն էլ Չեխիայի միջազգային մրցաշարերում: Ապա արդեն ելույթ կունենանք Եվրոպայի առաջնությանը»,- ավելացրեց մարզիչը: