21 հունիսի 2005 - 09:49 AMT
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԹԱՓԱՆՑԻԿ ԷԻՆ ԵՎ ԱԶԱՏ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ
Լեռնային Ղարաբաղում հունիսի 19-ին տեղի ունեցած ընտրությունները ԱՄՆ-ից ժամանած Հանրային միջազգային իրավունքի եւ քաղաքականության խմբի դիտորդական առաքելությունը որակել է «ազատ եւ թափանցիկ»: Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հանրային միջազգային իրավունքի եւ քաղաքականության խմբի գործադիր տնօրեն Ջեյմ Խուփերը: Նրա խոսքերով` իրենց խումբը դիտորդական առաքելություն է իրականացրել Լեռնային Ղարաբաղի 22 ընտրատարածքներում եւ 37 տեղամասերում: «Խորհրդարանական ընտրությունները ազատ եւ թափանցիկ էին: Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որ իրականացրել էր ԿԸՀ-ն, ժողովրդավարական ասպարեզ բացեցին քաղաքական կուսակցությունների համար»,- հայտարարել է նա: «Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում զարգացումները դառնում են ավելի ժողովրդավարական եւ հույս ունենք, որ այնտեղ կայուն ժողովրդավարություն կարձանագրվի»,- ասել է Խուփերը: Նա նաեւ նշել է, որ ընտրական գործընթացի ժամանակ իրենք որեւէ ճնշում, լուրջ խախտումներ չեն նկատել, սակայն, միեւնույն ժամանակ նշել է, որ եղել են աննշան թերություններ, որոնք առնչվել են ընտրացուցակներին: Պատասխանելով այն հարցին, թե ինչ տարբերություն կարող է լինել լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանում ժողովրդավար ընտրությունների անցկացման միջեւ` դիտորդական խմբի անդամները նախ նկատել են, որ, չնայած չեն եղել Ադրբեջանում, բայց որոշ տեղեկություններ ունեն ընտրությունների վերաբերյալ: «Եթե նման համեմատություն արվեր, Ղարաբաղի դիրքերն ավելի ամուր կլինեին, որովհետեւ ԼՂ-ն կարող է ցույց տալ, որ առաջընթաց է ապրել եւ ավելի ժողովրդավարական երկիր է: Մենք ողջունում ենք մրցակցությունը այս տարածաշրջանում, բայց ուրախ կլինեինք, եթե մրցակցություն լինի «ո՞վ է ավելի ժողովրդավար», քան` թե «ո՞վ ավելի լավ զինուժ ունի»,- հայտարարել է Ջ. Խուփերը: