21 դեկտեմբերի 2012 - 15:03 AMT
Թերլեմեզյանի անվան քոլեջի տնօրեն նշանակվեց Աննա Մնացականյանը

Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն է նշանակվել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Մնացականյանը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեցին քոլեջից: Հիշեցնենք, որ Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն Նարեկ Առուշանյանի մահից հետո տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել նրա կինը՝ Աննա Մնացականյանը, ով Ալվարդ Պետրոսյանի հարսն է: Փետրվարի 14-ին քոլեջի տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացված մրցույթին ներկայացված երեք թեկնածուներից մրցույթն անցել էին երկուսը` քոլեջի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Մնացականյանը և «Հայբուսակ» համալսարանի մանկավարժության ամբիոնի դոցենտ Արմեն Հարությունյանը: Ըստ ընթացակարգի, փաթեթն ուղարկվել էր ԿԳ նախարարություն, որից հետո Աշոտյանը եռօրյա ժամկետում պետք է ընտրեր քոլեջի տնօրենին, բայց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մրցույթի հաղթող երկու թեկնածուներից և ոչ մեկին դեռ չի հրամանագրել քոլեջի տնօրենի պաշտոնում: Իսկ մինչ այս ստեղծվել էր նախաձեռնություն, որը պահանջում էր հեռացնել Աննա Մնացականյանին քոլեջից: