21 դեկտեմբերի 2012 - 15:16 AMT
«Մալբան» անիմացիոն ֆիլմը բացեց «Ամենակարճ օր» կարճամետրաժ ֆիլմերի փառատոնը

Այսօր Նաիրի կինոթատրոնում բացվեց ֆրանսիական «Ամենակարճ օր» կարճամետրաժ ֆիլմերի փառատոնը, որի 10 օրերի ընթացքում (դեկտեմբերի 21-31-ը) երկրի ամբողջ տարծքում կցուցադրվեն 1000-ից ավելի ֆրանսիական անիմացիոն, խաղարկային, վավերագրական կարճ` մինչև 59 րոպե տևողությամբ ֆիլմեր:

Այն բացեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախագահ Գևորգ Գևորգյանը: Նա նշեց, որ բոլոր ֆիլմերի ցուցադրությունը լինելու է անվճար: Օգտագործվում են նաև անգլերեն ենթագրեր:

Ալիանս ֆրանսեզի տնօրեն Սյուզան Ղարամյանն իր հերթին հավելեց, որ ֆիլմերի մեծամասնությունը նոր արտադրության են և մրցույթների դափնեկիր են:

Փառատոնը բացեց Էլոդի Բուեդեկի «Մալբան» անիմացիոն ֆիլմը:

Հայաստանի և Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնների միջև համագործակցության համաձայնագրով իրականացվող այս կինոակցիան ևս մեկ հնարավորություն է ընձեռում հայ հանդիսատեսին ծանոթանալու ֆրանսիական կինոյին: Ակցիային անցյալ տարի արդեն միացել են 12 երկիր, իսկ այս տարի դրանց թիվն արդեն 40 է: Երևանում, ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ ընտրված յոթ վայրերում (Երևանի կինոյի և թատրոնի պետական իստիտուտ, Սլավոնական համալսարան, Նարեկացի արվեստի կենտրոն, Նաիրի կինոթատրոն, Ալիանս Ֆրանսեզ կազմակերպություն, ATV և Հ1 հեռուստատեսությունները) կցուցադրվեն ֆրանսիական ֆիլմեր: Ֆրանսիական կողմից ներկայացված 187 ֆիլմից ցուցադրության համար ընտրվել է 70-ը: Յուրաքանչյուր կազմակերպություն արդեն ընտրված 70 ֆիլմից կկազմի իր կինոծրագիրը: