21 դեկտեմբերի 2012 - 16:19 AMT
Բելառուսի նախագահը Ռուսաստանից խնդրում է 2 մլրդ դոլարի վարկ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանից խնդրում է 2 մլրդ դոլարի վարկ ձեռնարկությունների արդիականացման համար, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Մեզ անհրաժեշտ են 2 մլրդ դոլար «ոչ թանկ փողեր», դա կոմերցիոն վարկ է ձեռնարկությունների արդիականացման համար»,- ուրբաթ օրը հայտարարել է Լուկաշենկոն` ելույթ ունենալով Բելառուսի ինֆորմատիկայի և ռադիոտեխնիկայի համալսարանի ուսանողների առաջ:

Ինչպես պատմել է նախագահը, դեկտեմբերի 18-19-ը Մոսկվայում բելառուսական իշխանությունները «ծանր բանակցություններ են անցկացրել ՌԴ կառավարությունում և նախագահի հետ շատ հարցերի շուրջ, այդ թվում` ֆինանսական»:

«Ես ասացի, եթե մենք հարազատ եղբայրներ ենք, ապա պետք է օգնել»,- ասել է Լուկաշենկոն:

Նրա խոսքով, Մոսկվայում պատասխանել են. «Ներկայացրեք կոնկրետ ցուցակ»:

Նա նաև հաղորդել է, որ Չինաստանը Բելառուսին տրամադրել է ավելի քան 1 մլրդ դոլարի վարկ: