22 դեկտեմբերի 2012 - 15:15 AMT
Զուրաբյանն իր հնարավոր առաջադրման մասին. Նման քննարկում չի եղել ո՛չ Կոնգրեսում, ո՛չ էլ Տեր-Պետրոսյանի հետ

Լևոն Տեր-Պետրոսյանն ազատ կամք և ազատ որոշում կայացնելու իրավունք ունի: Այսօր ՀՀՇ համագումարի ընդմիջմանը լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն արեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով նախագահական ընտրություններում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրման հարցին: «Առաջադրվելու հարցը, իհարկե, կապված է համակիրների աջակցության հետ, սակայն դա կոնկրետ մարդու կողմից կատարվող քաղաքական և անձնական հաշվարկների հարց է»,- ասաց Լևոն Զուրաբյանը: Հարցին, թե արդյոք նրա չառաջադրվելով հուսախաբ չե՞ն լինի ՀԱԿ համակիրները, Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Չեմ կարծում, թե խնդիրը դրված է այսպես` հուսախաբ անել կամ չանել: Խնդիրը հետևյալն է` արդյոք այդ առաջադրումը կնպաստի՞ Հայաստանում ժողովրդավարության հաղթանակին: Ինքը պետք է որոշի` առաջադրվել, թե ոչ: Բնականբար, ես շատ կցանկանայի, որ Տեր-Պետրոսյանն առաջադրվեր, որովհետև նա միակ թեկնածուն է, որ կարող է ապահովել Կոնգրեսի բոլոր կուսակցությունների աջակցությունը»,- ասաց նա:

Հարցին, թե արդյոք հնարավոր է իր թեկնածության առաջադրումը, Լևոն Զուրաբյանը պատասխանեց, որ նման քննարկում չի եղել ո՛չ Կոնգրեսում, ո՛չ էլ Տեր-Պետրոսյանի հետ: