Մոսկվայի տանը տեղի կունենա «Հայկական ՈւՀԱ-ի պատմությունը» ֆիլմի հայաստանյան պրեմիերան (վիդեո)

Մոսկվայի տանը տեղի կունենա «Հայկական ՈւՀԱ-ի պատմությունը» ֆիլմի հայաստանյան պրեմիերան

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 22-ին Երևանում` Մոսկվայի տանը, տեղի կունենա «Հայկական ՈւՀԱ-ի պատմությունը» ֆիլմի հայաստանյան պրեմիերան: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց ֆիլմի ռեժիսոր Էդուարդ Համբարձումյանը, ֆիլմը վերջնական արդյունքում ստացվեց այնպիսին, ինչպիսին ինքն ուզում էր:

«Մոսկվայում կայացած պրեմիերայի ժամանակ միայն դրական արձագանքներ եմ ստացել և շատերի մոտ նոստալգիա է առաջացել ֆիլմի դիտումից հետո: Երևանյան պրեմիերայից հետո պատրաստվում ենք ֆիլմը ցուցադրել նաև Միացյալ Նահանգներում», - նշեց նա՝ հավելելով, որ չի պատրաստվում ֆիլմը ներկայացնել որևէ փառատոնի, քանի որ իր ֆիլմերը նկարահանում է ոչ թե ժյուրիի, այլ ժողովրդի համար:

Հայկական ՈւՀԱ-ի պատմությունը» վավերագրական ֆիլմ է` բաղկացած 2 սերիայից և պատմում է ՈւՀԱ երեք հայկական թիմերի` Արա Երնջակյանի «Երևանի Պոլիտեխնիկ ինստիտուտի», «Երևանի Բժշկական ինստիտուտի» թիմի և «Նոր հայեր» թիմերի մասին: Ֆիլմում ՈւՀԱ-ի մասին խոսում են այդ թիմերի մի շարք ճանաչված ներկայացուցիչներ: Այդ մարդկանց մանկուց ճանաչել եմ, և նրանք շատ մեծ ազդեցություն են ունեցել իմ և իմ սերնդակիցների վրա: Միշտ ուզեցել ենք իրենց նմանվել, ինքս էլ մոտ 4 տարի խաղացել եմ ՈւՀԱ-ում և 2004 թվականից մտածում էի նրանց մասին ֆիլմ նկարահանելու մասին, ինչը հնարավոր դարձավ այս տարի»,- նշեց նա:

Ֆիլմի շնորհանդեսների կազմակերպմանն աջակցել են Ռուսաստանի Հայերի միությունը, «Պարադիզ» կինոընկերությունը և «TV ARM RU» հեռուստաընկերությունը:

Ֆիլմի մոսկովյան պրեմիերան կայացել է դեկտեմբերի 11-ին «Ռոլան» կինոթատրոնում: Դեկտեմբերի 23-ին ֆիլմը կցուցադրվի Նարեկացի Արվեստի Միությունում «Հանդիպում կինեմատոգրաֆիստների հետ» շարքի շրջանակում:

Կինոռեժիսոր Էդուարդ Համբարձումյանը վավերագրական ֆիլմեր է նկարահանում: 2003 թվականից ի վեր նա նկարահանել է 20 ֆիլմ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---