24 դեկտեմբերի 2012 - 14:27 AMT
2012-ի հունվար-նոյեմբերին պետբյուջեի եկամուտները կազմել են 841 մլրդ դրամ, ծախսերը` 831,6 մլրդ դրամ

Հայաստանի պետբյուջեի եկամուտները 2012-ի հունվար-նոյեմբերին կազմել են 841 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 831.6 մլրդ դրամ` ապահովելով տարեկան կառավարական ծրագրի կատարում համապատասխանաբար 90.2 տոկոսով և 85.1 տոկոսով: Այդ մասին դեկտեմբերի 24-ին ամփոփիչ մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

«Ծախսերի ֆինանսավորումը և դրամական միջոցների կառավարումը բավական հարթ է կատարվել, տարբեր գերատեսչությունների կողմից ներկայացված ծրագրերի ֆինանսավորումը կատարվել է առանց ուշացումների»,- ընդգծել է նա:

Նրա խոսքով, ընթացիկ տարվա հունվար-նոյեմբերին պետբյուջե են վճարվել 792.1 մլրդ դրամ հարկային եկամուտներ, պետտուրքեր և պարտադիր սոցիալական վճարներ, ինչն ապահովել է տարեկան ծրագրի կատարում 90.3 տոկոսով: