24 հունիսի 2005 - 08:49 AMT
ՕՐՀԱՆ ՓԱՄՈՒՔ. ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆ, ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ` ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոշկա Ֆիշերը գովել է խաղաղության պարգեւին արժանացած թուրք գրող Օրհան Փամուքին, որն, ինչպես հայտնի է, ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ դրա համար արժանացել Թուրքիայի վերնախավի դժկամությանը, հաղորդում է «Երկիր» թերթը` հղում անելով թուրքական «Միլիեթին»: Ֆիշերի խոսքերով, «Փամուքը մի արի լուսավորյալ է եւ համոզված եվրոպացի», նրա ստեղծագործությունները մեծ ազդեցություն կունենան Թուրքիայում բազմատեսակ ուղղություններով ընթացող քննարկումների վրա»: Թերթը հիշեցրել է, որ 1978 թ-ից սկսած երեք տարին մեկ գերմանական այդ պարգեւը տրվում է «անկախ մտածողություն եւ արի դիրքորոշում ունեցող այն մարդկանց, որոնք իրենց ստեղծագործություններով քաջալերում են եվրոպական հասարակության պատմա-մշակութային ինքնությունը»: Նշենք, որ Օրհան Փամուքը բազմիցս անգամ հայտարարել է, որ Հայոց ցեղասպանությունը իրոք եղել է: Նրա կարծիքը ծայրահեղ դժգոհություն է առաջացրել Թուրքիայում: