24 հունիսի 2005 - 09:19 AMT
ՂՐԻՄԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱՁԵՎԸ
«Ղրիմի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը դժգոհություն է առաջացրել ոչ միայն Ադրբեջանում եւ Թուրքիայում, այլ նաեւ Ուկրաինայում, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Ղրիմի Գերագույն ռադայի երեկվա նիստը նվիրաված էր Հայոց ցեղասպանության բանաձեւը չեղյալ հայտարարելու կոչերին: Նիստում ելույթ ունեցած խորհրդարանի խոսնակ Բորիս Դեյչը ասել է, որ այդ բանաձեւը դժգոհություն է առաջացրել շատ երկրներում, եւ կարծիք հայտնել, որ նպատակահարմար կլինի այն չեղյալ հայտարարել: Սակայն պատգամավորները մերժեցին այդ առաջարկը: Ղրիմի Գերագույն ռադայի պատգամավոր Կազանինը ասել է, թե Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը չեղյալ հայտարարելու պահանջը առաջացավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ճնշման ներքո: Կազանինի խոսքերով, Իլհամ Ալիեւը, որը Կիեւ էր ժամանել հունիսի 17-18 տեղի ունեցած «մինի դավոսյան համաժողովին» մասնակցելու նպատակով, Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Լիտվինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր Ղրիմի խորհրդարանի ընդունած բանաձեւի անընդունելի լինելու մասին: Պատգամավորը ասել է, թե Ադրբեջանի նախագահը պահանջել է Վ.Լիտվինից ճնշում գործադրել Ղրիմի խորհրդարանի վրա այդ բանաձեւը չեղյալ հայտարարելու համար: Նա ավելացրել է, որ Ղրիմի խորհրդարանը «չի ճանաչել 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն, եւ այդ հարցում Կիեւի կողմից ցուցաբերված նրբանկատությունը, անհիմն է»: Վ.Կազանինը հայտարարել է, թե հայերը բնակվում են Ղրիմի թերակղզում արդեն ավելի քան 1500 տարի եւ զգալի տեղ են զբաղեցնում Ղրիմի պատմության մեջ: Ուկրաինայի Հանրապետական կուսակցության ղրիմյան կազմակերպության ղեկավար Ալեքսանդր Գրեսը հայտարարել է, որ անհնար է բանաձեւը չեղյալ հայտարարել.«Վերջին 90 տարվա ընթացքում աշխարհի եւ ոչ մի խորհրդարան չեղյալ չի հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին առնչվող որոշումները, ինչու՞ մենք պիտի նման քայլի դիմենք»: Ղրիմի խորհրդարանում տեղի ունեցած քվեարկության ժամանակ ընդամենը 13 պատգամավոր է կողմ արտահայտվել բանաձեւի կասեցման հարցը օրակարգում ընդգրկելուն: