25 հունիսի 2005 - 08:01 AMT
ՈՐՈՇՈՒՄ Է ԿԱՅԱՑՎԵԼ ԵԽԽՎ ՂԱՐԱԲԱՂԻ ԳԾՈՎ ԵՆԹԱԿՈՄԻՏԵԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Տեղի է ունեցել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ղարաբաղյան խնդրի առնչությամբ ստեղծված ենթակոմիտեի առաջին նիստը, հայտարարել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար, կոմիտեի անդամ Սամեդ Սեիդովը, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Նրա խոսքերով, առաջին հերթին, լսվել է ենթակոմիտեի նախագահ, ԵԽԽՎ նախկին գլխավոր քարտուղար լորդ Ռասսել Ջոնսթոնի զեկույցը: «Իր ելույթում Ռ.Ջոնսթոնը ասել է, թե ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում ընդունված կոմիտեի ստեղծման մասին բանաձեւի հինգերորդ կետում Եվրոպայի Խորհրդին հանձնարարվել էր այդ հարցը մշտապես պահել քննարկումների օրակարգում եւ իր ներդրումն ունենալ հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Այդ կապակցությամբ որոշվել էր պարբերական հանդիպումներ անցկացնել ենթակոմիտեի շրջանակներում»: Ինչպես ասել է Ս.Սեիդովը, հերթական հանդիպման անցկացումը նախատեսվում է սեպտեմբերի 12-ին Փարիզում.«Հերթական հանդիպման օրակարգում ներառվել է երկու հարց.1)ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների դիրքորոշման հրապարակումը, 2) ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կամ նրանց ներկայացնող անձանց տրամադրած լրատվության լսումներ եւ այդ անձանց ներկայությունը ենթակոմիտեի հաջորդ նիստերին»: Ս.Սեիդովը նաեւ ասել է, որ կոմիտեի նիստերում լսված լրատվության հիման վրա նախատեսվում են կոմիտեի անդամների այցերը տարածաշրջան: