27 հունիսի 2005 - 08:08 AMT
ԱՄՆ-Ն ԴՐԱԿԱՆ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ՆԱՏՕ-Ի ՀԵՏ ՀՀ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
«ԱՄՆ-ն դրական է գնահատում ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի անհատական համագործակցության ծրագիրը (IPAP)»,-հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը: Նրա խոսքերով, այդ ծրագրի վրա հսկայական աշխատանք է տարվել, սակայն որոշումը ներկայացված պլանի առնչությամբ պետք է կայացնի Դաշինքը: «Հայ-ամերիկյան հարաբերությունները պաշտպանության եւ անվտանգության ոլորտում զարգանում են անկախ ամեն ինչից»,-հայտարարել է դեսպանը: Այն հարցին, չեն խանգարում արդյոք Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայնները ԱՄՆ-ի հետ առավել սերտ համագործակցությանը, Էվանսը պատասխանել է.«Եվ ԱՄՆ-ն, եւ Ռուսաստանը լավ հարաբերություններ ունեն Հայաստանի հետ: Հուսով եմ, որ Ռուսաստանի դեսպանը կհամաձայնվի ինձ հետ: Մենք այստեղ հակասություններ չենք տեսնում: Ցանկանում ենք, որ Հայաստանը զարգանա տնտեսապես, սոցիալապես: Հարցը ոչ միայն ռազմական համագործակցությանն է վերաբերվում, այստեղ առավել խորը արմատներ են` համագործակցություն անձանց միջեւ»,-հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: