19 փետրվարի 2003 - 23:29 AMT
ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԵՆ ԴԱՏԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՅՑԵՐԻ ԳԾՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ
Անհրաժեշտության դեպքում Հայաստան կժամանեն դատական ընտրական հայցերի գծով միջազգային փորձագետներ: Այդ մասին այսօր իր ընտրատեղամասում քվեարկելուց հետո լրագրողներին տեղեկացրել է Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: Նա նշել է, որ այդ կապակցությամբ նա պաշտոնապես դիմել է Եվրոպական հանձնաժողովին: «Բացառված չէ, որ ընտրությունների արդյունքներով Սահմանադրական դատարանը կստանա հայցեր ԿԸՀ-ի որոշումների առումով թեկնածուների անհամաձայնության կապակցությամբ, եւ միջազգային փորձագետների մասնակցությունը հայցերի ուսումնասիրության գործում թույլ կտա ընդունել լիարժեք իրավական որոշում»,- ասել է ՀՀ Սահմանադրական դատարանի ղեկավարը: Գ. Հարությունյանը տեղեկացրել է, որ վերջնական արդյունքների ընդհանրացումից հետո 7 օրվա ընթացքում գործերը կարող են ուղարկվել ՍԴ: Նրա խոսքերով` այդ առումով արդեն ձեռնարկվել են նախապատրաստական աշխատանքներ: