27 հունիսի 2005 - 09:10 AMT
ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ՆՈՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿՀԱՆՁՆՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻՆ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հաստատել է Հայաստանը Իրանի հետ կապող նոր ճանապարհի շինարարության նախագիծը, որը կշրջանցի Շիկահողի արգելոցը, հաղորդել է լրագրողներին Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը: Նրա խոսքերով, արգելոցը շրջանցող ճանապարհի երկարությունը կկազմի 96 կիլոմետր, իսկ ծովի մակերեւույթից առավելագույն բարձրությունը կլինի 2160 մետր: Համեմատելով նոր նախագիծը դեպի Իրան գործող ճանապարհի հետ, նախարարը ընդգծել է, որ նոր ճանապարհի թեքությունը միջին հաշվով նրա ողջ երկարությամբ կկազմի 5,8 տոկոս գործող ճանապարհի 8 տոկոսի դիմաց, իսկ առավելագույն թեքությունը` 8 տոկոս 14-ի փոխարեն: Նոր ճանապարհի թեքության նվազեցման շնորհիվ տարեկան կտնտեսվի 1,6 մլն դոլարի վառելիք, իսկ պետությունը նրա շահագործումից կտնտեսի տարեկան 70 հազար դոլար, հաղորդել է նախարարը: Հաստատված նախագիծը չի նախատեսում ոլորաններ, իսկ ճանապարհի լայնությունը կկազմի 6,6 մետր: Բացի այդ, եթե գործող ճանապարհը հաշվարկված է 36 տոննա առավելագույն բեռնվածության համար, ապա նորը` 80 տոննայի համար: Մանուկյանը հաղորդել է, որ շինարարական աշխատանքները արդեն սկսվել են: Հայաստանը Իրանին կապող երկրորդ ճանապարհը (Կապան-Ծափ-Շվանիձոր-Շիշկերտ-Մեղրի) շահագործման կհանձնվի 2006 թվականին: Նախագծի արժեքը կկազմի 9,3 մլրդ դրամ (21,1 մլն դոլար): Ըստ նախարարի, օրվա ընթացքում միջինում Իրան-Հայաստան ճանապարհով անցնում է 743 մեքենա, այդ թվում 276 բեռնատար: Ըստ Ա.Մանուկյանի, առավել լայն հնարավորություններով նոր ճանապարհը թույլ կտա ինտենսիվացնել տրանսպորտի հոսքը Իրան-Հայաստան երթուղով: «Մենք արդեն տեղեկացրել ենք Իրանի տրանսպորտի նախարարությանը, որը գոհունակությամբ է ընդունել այդ նորությունը»,-հաղորդել է նա: Մեկնաբանելով այն փաստը, որ նախագահի կողմից հաստատված ճանապարհը 7 կմ-ով երկար է սկզբնական նախագծից, որն անցնելու էր Շիկահողի արգելոցով, տրանսպորտի եւ կապի նախարարը նշել է, որ «գտնվել է ռազմավարական, տնտեսական, տեխնիկական եւ բնապահպանական շահերը հաշվի առնող տարբերակ», հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: