2012թ. ՀՀ երկքաղաքացի է դարձել շուրջ 15 հազար մարդ

2012թ. ՀՀ երկքաղաքացի է դարձել շուրջ 15 հազար մարդ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 26-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպեց Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ և հանդես եկավ դասախոսությամբ: Նախարարը նշեց. «Հայաստանում անկախացումից ի վեր նշվել է Սփյուռքի հարցերով զբաղվող գերատեսչություն ունենալու անհրաժեշտության մասին: Չնայած անցած կարճ ուղուն` գերատեսչությանը հաջողվեց նաև ներմուծել երկքաղաքացիության ինստիտուտը: Միայն 2012թ. ՀՀ երկքաղաքացի է դարձել շուրջ 15 հազար մարդ: Ինչ խոսք, մենք մեծ դժվարությամբ հասանք նրան, որ այսօր աշխարհում գործող գրեթե բոլոր համահայկական կառույցները գործակցեն մեզ հետ: «Արի տուն» ծրագիրն, այս իմաստով, մեծ դժվարությամբ կյանքի կոչված այն հրաշք ծրագիրն է, որի շրջանակներում անցած չորս տարիների ընթացքում Հայրենիք այցելեց մոտ 3000 պատանի և աղջիկ, իսկ դա նշանակում է, որ նրանց Հայաստանում հյուրընկալել է մոտ 3000 հյուրընկալ ընտանիք, որոնց հետ նրանք բարեկամացել են, հայ ընտանիքներում ապրել, այցելել տեսարժան վայրեր», - ընդգծեց ՀՀ սփյուռքի նախարարը:

ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը ողջունեց ներկաներին և շնորհավորեց համալսարանի 90-ամյա հոբելյանը: Գերատեսչության ղեկավարը կարևորեց հայ կրթօջախների համար մանկավարժներ կրթելու և պատրաստելու բուհի գլխավոր առաքելությունը: Տիկին Հակոբյանն ընդգծեց, որ անհրաժեշտ է մայրենի դասավանդող կադրեր պատրաստել նաև Սփյուռքի համայնքներում:

Խոսելով տարբեր տարածաշրջաններում հայկական Սփյուռքի առանձնահատկություների, խնդիրների տարբերությունների մասին` տիկին Հակոբյանը նշեց, որ ըստ այդմ ուսումնասիրվել, կազմվել և գործում են ծրագրեր լատինամերիկյան, ԱՊՀ հայ համայնքների, ինչպես նաև` ծրագիր իրաքահայերի համար:

Նախարարը բարձր գնահատեց համալսարանի կազմում գործող «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի երկարամյա գործունեությունը, որի արդյունքում Սփյուռքից ժամանող մանկավարժները վերապատրաստվում են Հայրենիքում:

Հանդիպման մասնակիցները մտքեր փոխանակեցին Հայրենիք-Սփյուռք գործակցության, արդի մարտահրավերների, անելիքների վերաբերյալ:

Նախարարը կարևորեց դասախոսների դերը հատկապես երկու հիմնահարցերի` Հայոց Ցեղասպանության ճանաչման և ԼՂՀ հարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ երիտասարդության շրջանում գաղափարախոսության տարածման գործում: Հանդիպման ավարտին Սփյուռքում հայ մշակույթի տարածմանը նպաստող գործունեության, այդ բնագավառում ակնառու նվաճումների ու ձեռքբերումների համար, Հ. Հակոբյանը ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով պարգևատրեց մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ջուլիետա Գյուլամիրյանին և բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի հիմնադիր, տնօրեն Սուրեն Դանիելյանին:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարին բուհի հանդեպ ցուցաբերած մշտական ուշադրության և հոգածության, ինչպես նաև դասախոսական և գիտական երկարամյա գործունեության համար` ռեկտոր Ռ. Միրզախանյանը տիկին Հակոբյանին պարգևատրեց Պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 90-ամյակի հոբելյանական ոսկեզօծ մեդալով:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---