27 դեկտեմբերի 2012 - 12:58 AMT
Արդարադատության նախարարը նշում է ստվերի կրճատման դրական դինամիկան

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ՀՀ կառավարությունում ներկայացված իր հաշվետվության մեջ նշել է այդ պետկառույցին ենթակա բոլոր հաստատություններում արձանագրված դրական դինամիկան 2012թ. 11 ամիսների արդյունքում: Մասնավորապես, ըստ նրա, չնայած նրան, որ նոտարական գործարքների գծով կա 10-15 տոկոսի կրճատում 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ, այնուամենայնիվ, պետտուրքերի ու հարկերի վճարման գծով կա դրական դինամիկա: 2012թ. 11 ամսում վճարվել է շուրջ 325,2 մլն դրամ հարկ 2011թ. 11 ամսվա 289, 5 մլն դրամի դիմաց՝ ապահովելով 10 տոկոս աճ: Այդ ցուցանիշները ձեռք են բերվել ոլորտի բարեփոխումների հաշվին, ինչպես նաև շնորհիվ ՀԴՄ-ների կիրառման:

Թովմասյանը նշել է, որ ցուցանիշների աճը ապահովվել է նաև ստվերի կրճատման հաշվին, ինչի մասին է վկայում վճարված հարկերի ու պետտուրքերի աճը, գործարքների քանակի կրճատումը, այն դեպքում, երբ ոլորտի սակագներն անփոփոխ են մնացել նախորդ տարվա համեմատ:

Նոտարական գործի զարգացման համար նախարարը կարևորեց «մեկ պատուհանի» սկզբունքով աշխատող էլեկտրոնային համակարգի ներմուծումը:

Ինչ վերաբերում է փաստաբանների աշխատանքին, ապա այստեղ, ըստ նախարարի, դժվարություններ կան նրանց աշխատանքի ֆինանսական հաշվառման հետ կապված, քանի որ, նրանք հիմնականում մասնավոր աշխատող անհատներ են: