29 հունիսի 2005 - 09:40 AMT
Ս.ՍԵԻԴՈՎ. ԲԱՔՎԻՆ ՉԻ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ ԱՅՆ ՀԱՐՑԸ, ՈՐ ՀԱՅԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԵՎ ՉՄԱՍՆԱԿՑԵԼ ԵԽԽՎ ԿՈՄԻՏԵՆԵՐԻ ՆԻՍՏԻՆ
«Ադրբեջանական կողմը մտահոգված չէ այն հարցով, որ հայ պատգամավորները կարող են չժամանել Բաքու: Կարեւորը, որ ԵԽԽՎ Դիտարկման կոմիտեի նիստը կանցնի բարձր մակարդակով»,-հայտարարել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական խորհրդարանական պատվիրակության ղեկավար եւ Ադրբեջանի միլի մեջլիսի միջազգային հարաբերությունների եւ միջխորհրդարանական կապերի բաժնի վարիչ Սամեդ Սեիդովը: Նրա խոսքերով, Բաքվում կայանալիք ԵԽԽՎ Դիտարկման կոմիտեի նիստի նշանակությունը չի նվազի, եթե հրավիրաված հայ պատգամավորները չմասնակցեն նիստին: «Բաքու կժամանեն շուրջ 100 եվրոպացի պատգամավորներ ԵԽԽՎ միգրացիայի եւ փախստականների հարցերով ենթակոմիտեի եւ Դիտարկման կոմիտեի նիստերին մասնակցելու համար: Մենք բազմիցս անգամ քննարկել ենք Ադրբեջանի հետ կապված հարցերը այդ կոմիտեների նիստերում: Սակայն այժմ այդ նիստերի անցկացումը Բաքվում կարեւորվում է Ադրբեջանի համար: Կքննարկվեն Ադրբեջանին ուղղակիորեն առնչվող հարցեր: Կարծում եմ, որ այդ քննարկումները կարող են օգնել անաչառության ձեւավորմանը: Մեր ցանկությունն է, որ ԵԽԽՎ կոմիտեների փաստաթղթերում արտացոլվեն Ադրբեջանում ընթացող գործընթացները»,-ընդգծել է Ս.Սեիդովը: Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին Բաքվի Hyatt Park հյուրանոցում տեղի կունենա ԵԽԽՎ միգրացիայի եւ փախստականների հարցերով ենթակոմիտեի, իսկ հուլիսի 5-ին` ԵԽԽՎ Դիտարկման կոմիտեի նիստը: