Յուրի Խաչատուրով. 2012թ.-ը համարում եմ բանակի ամրապնդման և բոլորիս ջանքերի համախմբման տարի

Յուրի Խաչատուրով. 2012թ.-ը համարում եմ բանակի ամրապնդման և բոլորիս ջանքերի համախմբման տարի

PanARMENIAN.Net - ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Մեր նորանկախ պետության ազգային բանակի տարեգրությունը հարստացավ ևս մեկ տարով: Վերհիշելով անցած տարվա մեր բանակային կյանքը և փորձելով ամփոփիչ խոսք ասել կատարված աշխատանքների մասին, առաջին հերթին հիշենք, որ 2012 թվականը զինված ուժերում հայտարարված էր մարտական խնդիրների կատարման արդյունավետության բարձրացման և մարտական վարպետության ամրապնդման տարի: Այսինքն, ՀՀ զինված ուժերի առջև կոնկրետ խնդիր էր դրվել և ի պատիվ այն բոլոր մարդկանց, որոնք իրենց կյանքը կապել են բանակի հետ, այդ խնդիրը կարելի է ասել հաջողությամբ ի կատար է ածվել: Ընդլայնվել է սեփական ռազմական արդյունաբերությունը, արդիականացվել է զինված ուժերում առկա ռազմական տեխնիկան, համալրվել նոր զինատեսակներով: Բարձրացել են հեռահար և ճշգրիտ խոցման հնարավորությունները, որ շատ կարևոր է մեր ուժերի համար նախընտրելի թիրախներին` հակառակորդի մերձակա և թիկունքում գտնվող կարևորագույն ռազմական, ինչպես նաև քաղաքացիական օբյեկտներին հարվածելու և ոչնչացնելու համար:

Բանակի հետ կապված տարվա կարևորագույն իրադարձություններից էր մի քանի ամիս առաջ մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում կայացած ՀԱՊԿ օպերա-տիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2012» համատեղ զորա-վարժությունը, որտեղ առաջին անգամ գործեցին անօդաչու թռչող սարքերը: Նման ձևաչափում նույնպես առաջին անգամ կիրառվեցին ռազմական ուղղաթիռներ և օդանավեր:

2012թ. անցկացվեցին նաև ռազմավարական հրամանատարաշտաբային զորա-վարժություններ, որն իր ընդգրկմամբ աննախադեպ էր մեր բանակի պատմության ընթացքում: Նրա մեջ ներգրավված էին ՀՀ ողջ զինված ուժերը: Այդ զորավարժություն-ները զինվորական տարբեր օղակների միջև ռազմական համագործակցության լավագույն օրինակ հանդիսացան: Այս ամենի հետ զուգահեռ, իհարկե, մեծ ուշադրություն է դարձվել անհատ-զինվորի պատրաստությանը: Ի վերջո, յուրաքանչյուր ստորաբաժանման ուժն ու պատրաստվա-ծությունը պայմանավորված է առանձին զինվորի անհատական վարպետությամբ ու մասնագիտական ունակություններով:

Տարվա կարևորագույն ձեռքբերումներից եմ համարում զինված ուժերում ղեկավար կազմի, զորամասերի հրամանատարների ու նրանց տեղակալների հրամանատարական պատրաստվածության մակարդակի բարձրացումը: Մենք անցկացրինք մի շարք միջոցառումներ, որոնք ոչ միայն բարձրացրին նրանց մարտական վարպետությունը, այլև զգաստացրին ողջ սպայակազմին: Ամենակարևորն այն է, որ տարին անցկացրել ենք խաղաղ պայմաններում: Բոլորն են հասկանում, որ դա առաջին հերթին ապահովվել է զինված ուժերի շնորհիվ: Ինչքան էլ թշնամին հոխորտում է ու սպառնում պատերազմ սկսել և ռազմական գործողություններով լուծել Ղարաբաղի հարցը, միևնույն է` այդ քայլին նա չի համարձակվի գնալ, քանի դեռ նրա նկատմամբ ունեցած գերազանցությամբ մենք տարածաշրջանում խաղաղություն պարտադրող ուժ ենք հանդիսանում: Այսօր մենք վստահությամբ և համոզվածությամբ ասում ենք, որ մեր բանակը, ապահովելով պետության անվտանգությունը և իրակա-նացնելով նրա սահմանների պահպանությունը, մշտապես պատրաստ է համարժեք հակահարված տալ հակառակորդի ցանկացած հարձակողական գործողությանը: Ինչպես մենք` զինվորականներս, այնպես էլ ողջ հայ ժողովուրդը խորությամբ գիտակցում է, որ, իրոք, բանակը մեր հուսալի ապագայի ամենամեծ երաշխիքն է:

Ձեռք բերած ընդհանուր հաջողություններում մեզանից յուրաքանչյուրն ունի իր արժանի ներդրումը: Ընդհանրապես, 2012 թվականը ես համարում եմ մեր բանակի ամրապնդման, նրա մարտունակության բարձրացման համար բոլորիս ջանքերի համախմբման տարի:

Այս ամենի հետ մեկտեղ ցանկանում եմ անպայման նշել, որ մենք չենք կարող բավարարվել մեր նվաճումներով: Մարտական պատրաստության ձեռք բերած բարձր մակարդակը պահպանելը շատ կարևոր է, սակայն, եթե այսօր այն համարվում է բավարար, ապա վաղը, զարգացման շարունակական գործընթացից ետ մնալու դեպքում, կարող է դառնալ անբավարար: Ահա թե ինչու շատ կարևոր է այդ մակարդակը անընդհատ բարձրացնել: Սա մեզ համար յուրաքանչյուր օրվա հրամայականը պետք է դառնա: Սիրելի զինակիցներ, այս համընդհանուր տոնի կապակցությամբ նախ շնորհավորական խոսք եմ ուղղում մեր մարտական ընկերներին, բոլոր զոհվածների, անհայտ կորածների, հաշմանդամ դարձածների ընտանիքներին ու հարազատներին: Ամանորյա ամենաջերմ ու բարի մաղթանքներով շնորհավորում եմ առաջին գծում մարտական հերթապահություն իրականացնողներին` նրանց ցանկանալով անվտանգ ծառայություն:

Մեր բանակի բոլոր զինծառայողներին, քաղաքացիական անձանց մաղթում եմ առողջություն և բարի ծառայություն: Հաջողություն և երջանկություն եմ ցանկանում նախ անձնական և ընտանեկան կյանքում, ինչն էլ, անշուշտ, կփոխանցվի ողջ զինված ուժերին»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---