Արթուր Բաղդասարյանն ու Մուհամեդ Կամել Ռեզագ Բառան ստորագրել են հայ-ալժիրյան համատեղ արձանագրություն

Արթուր Բաղդասարյանն ու Մուհամեդ Կամել Ռեզագ Բառան ստորագրել են հայ-ալժիրյան համատեղ արձանագրություն

PanARMENIAN.Net - Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Ալժիրի Հանրապետության անվտանգության խորհրդի աշխատանքները համակարգող քարտուղար, Ալժիրի նախագահի անվտանգության և անդրազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցերով հատուկ խորհրդական Մուհամեդ Կամել Ռեզագ Բառայի գլխավորած պատվիրակությանը:

Արթուր Բաղդասարյանի և Մուհամեդ Կամել Ռեզագ Բառայի առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում, որից հետո այցի արդյունքներով ստորագրվել է համատեղ արձանագրություն, որում շուրջ 10 ուղղություններով մատնանշվել են համագործակցության հիմնական ուղղությունները:

«Այս այցը նոր էջ կբացի հայ-ալժիրյան հարաբերություններում, կա պոտենցիալ, որը պետք է օգտագործել: Ալժիրը Հայաստանի համար բարեկամ երկիր է: Ալժիրը կիսում է ՀՀ պաշտոնական մոտեցումները արտաքին քաղաքական բազմաթիվ մեզ համար առանցքային ուղղություններում: Եվ այս այցի ընթացքում մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք բազմաթիվ ուղղություններով մեր համագործակցությունը խորացնելու մասին: Նախևառաջ կձևավորվի անվտանգության հիմնախնդիրների հետ կապված կոնսուլտացիաների մեխանիզմ: Քայլեր կձեռնարկվեն պաշտպանության ոլորտում համագործակցության խորացման, ահաբեկչության, կիբերահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում մեր ջանքերը համադրելու, գործնական քայլեր կիրականացվեն տնտեսական հարաբերությունները խորացնելու ուղղությամբ: Ես կարծում եմ, որ իսկապես կա ներուժ և այդ ներուժը պետք է համադրենք, որպեսզի ունենանք արդյունքներ: Մենք խոսել ենք նաև տարբեր ոլորտներում մեր համագործակցությունը խորացնելու մասին` ներառյալ ոստիկանության, պաշտպանության, հատուկ ծառայությունների, արտակարգ իրավիճակների ոլորտներում, քննարկել ենք ներդրումներին առնչվող խնդիրներ: Օրակարգը բավականին հարուստ է և ես կարծում եմ, որ արդյունքները երկար սպասել չեն տա»,- ասել է Արթուր Բաղդասարյանը:

Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են ԱԱԽ-ից, Մուհամեդ Կամել Ռեզագ Բառայը ևս մեկ անգամ նշել է, որ Ալժիրի Հանրապետությունը պատրաստակամ է Հայաստանի Հանրապետության հետ խորացնելու համագործակցությունը և որ ձեռք բերված պայմանավորվածությունները ծառայելու են այդ նպատակի իրականացման համար:

Ավելացնենք, որ շուտով լրանում է Հայաստանի և Ալժիրի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20 տարին և այդ տարիների ընթացքում երկու երկրների միջև միակ ստորագրված փաստաթուղթը` դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին է: Մուհամեդ Կամել Ռեզագ Բառայն Ալժիրի առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, որն այցելեց Հայաստան:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---