2012-ին ԵՃՇՊՀ-ում ուսանողների թիվն ավելացել է 3.5 տոկոսով

2012-ին ԵՃՇՊՀ-ում ուսանողների թիվն ավելացել է 3.5 տոկոսով

PanARMENIAN.Net - Այսօր Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում կայացել է կառավարման խորհրդի նիստը` կառավարման խորհրդի նախագահ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԵՃՇՊՀ լրատվական ծառայությունից:

Նիստում բարձր է գնահատվել համալսարանի 2012թ. կատարած աշխատանքները, այդ թվում` հակակոռուպցիոն ծրագրով իրականացված արդյունքները, և հավանություն է տրվել 2013թ. ծրագրերին:

Հաշվետու ժամանակահատվածում առկա ուսուցման ուսանողների թիվն աճել է 25 տոկոսով. ընդհանուր ուսանողների աճը կազմել է 3,5 տոկոս` 2010-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Առանձնակի ուշադրության են արժանացել համալսարան ընդունված և ուսումնառությունը շարունակող 32 սիրիահայերը: Պետբյուջեից փոխանցվել է 472499850 դրամ, բյուջե է վճարվել 430560202 դրամ:

Համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը ներկայացրել է նաև 2012 թվականին համալսարաում իրականացված հակակոռուպցիոն ծրագրի արդյունքերը: Տարոն Մարգարյանը կարևորել է 2013-ին նախատեսվող սոցիալական բնակարանաշինարարության ծրագիրը, որով նախատեսվում է լուծել երիտասարդ գիտնականների և աշխատակիցների բնակարանային խնդիրը: ԱԺ գիտության և կրթության մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն առաջարկել է. ՙ համագործակցել երիտասարդ ընտանիքների աջակցման ծրագրի հետ` արտոնյալ վարկեր ստանալու համար:

2013-ին նախատեսվում է սկսել համալսարանի Մանուկ Աբեղյանի անվան հենակետային դպրոցի նոր մասնաշենքի կառուցումը, որը կկրի այդ դպրոցի շրջանավարտ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունը: 2012-ին ամբողջությամբ ավարտվել է դպրոցի վերակառուցումն ու վերազինումը: Տարվա ընթացքում ընդհանուր առմամբ վերանորոգվել, կահավորվել և տեխնիկապես վերազինվել է 27 լսարան և դասարան, 13 ամբիոն և աշխատասենյակ:

Շարունակվել են միջազգային կապերի ամրապնդմանն ուղղված աշխատանքները: 2012-ին Լեհաստանի Չեստահովա քաղաքում կայացել է 4-րդ միջազգային գիտաժողովը` «Ճարտարապետություն և քաղաքաշինություն - արդի հիմնախնդիրներ» խորագրով: Համալսարանը մասնակցել է 30-ից ավելի միջազգային գիտաժողովների և սեմինարների: Հաշվետու տարում Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում անցկացվել է «Հայաստանի մշակութային օրեր» ծրագիրը:

2012-ին հատկապես կարևորվել է գիտության զարգացումը. այդ ուղղությամբ գոծնական լուրջ աշխատանքներ են կատարվել: Հիդրավլիկայի ամբիոնը մշակել և ստեղծել է ավտոմատ գործողության դիմահարային փական` ջրամբարում լրացուցիչ ծավալի ջուր կուտակելու նպատակով, որը պատենտավորվել է Հայաստանում: Կատարվել է Լեռնային Ղարաբաղի Սարսանգի ջրամբարի ուսումանսիրություն, որի ծավալը կազմում է 15 հատոր:

2012 թվականը ձեռքբերումների տարի էր նաև համալսարանի սպորտային կյանքում` Դոնի Ռոստովում «Կովկասը մեր ընդհանուր տունն է» խորագրով միջազգային փառատոնի շախմատի մրցաշարում համալսարանն արժանացել է գլխավոր մրցանակի: Հայաստանի բասկետբոլի բաձրագույն խմբի առաջնությունում համալսարանի «Ինժեներ» թիմը նվաճել է չեմպիոնի կոչում:

2013 թվականին Երևանում նախատեսվում է անցկացնել «Վահանյանի գավաթ» միջազգային ուսանողական մրցաշար: Համալսարանի կողմից նախատեսվում է կկազմակերպել գիտաժողով` նվիրված «Արփա - Սևան»-ի կառուցման 50-ամյակին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---