Ոստիկանապետ. 2013-ին մեզ հավատացողների ու աջակցողների թիվը բազմապատկվելու է

Ոստիկանապետ. 2013-ին մեզ հավատացողների ու աջակցողների թիվը բազմապատկվելու է

PanARMENIAN.Net - ՀՀ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այսօր, նաև Ոստիկանության կոլեգիայի անդամների անունից, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով շնորհավորել է ոստիկանության ծառայողներին, նրանց ընտանիքներին, քաղաքացիներին, բոլոր նրանց, ովքեր հավատացել և աջակցել են ոստիկանության ծրագրերի իրականացմանը, ում հավատի ու նվիրումի շնորհիվ 2012 թվականը դարձաել է նոր մոտեցումների կենսագործման տարի:

«Համոզված ենք, որ 2013-ին մեզ հավատացողների ու աջակցողների թիվը բազմապատկվելու է, ինչպես որ ավելի է աճելու պահանջկոտությունը ոստիկանության գործունեության հանդեպ: Ոստիկանության հանդեպ հասարակության ամրացող հավատը խարսխվում է բարեփոխումների տեսանելի ընթացքի, քաղաքացիներին ծառայություններ մատուցող ստորաբաժանումների նոր կերպի ու գործելաոճի, հանցավորության դեմ պայքարի արդյունքների, համակարգի ինքնամաքրման գործընթացի վրա: Նոր տարում այդ զարգացումներն ընդլայնվելու ու խորանալու են:

Մենք պետք է առավելագույնն անենք հասարակության սպասումներն արդարացնելու համար: Մենք կարճ ժամանակում պետք է ձևավորենք նոր ոստիկանություն, որովհետև ժամանակակից, ուժեղ, արդարագործ ոստիկանությունը մեր երկրի ու երեխաների ապագայի կարևորագույն երաշխիքներից է:

Անցնող տարին հաստատեց, որ կարո՛ղ ենք, երբ հավատավոր ենք ու միակամ, երբ ունենք ժողովրդի վստահությունն ու աջակցությունը, և մենք պատրաստ ենք նույնպիսի և առավել նվիրումով ծառայելու մեր առաքելությանը, օրենքին ու ժողովրդին: Շնորհավո՛ր Սուրբ Ծնունդ: Շնորհավո՛ր Տիրոջ Սուրբ Ծնունդով պայծառացած Ամանոր:

Աստված ձեզ պահապան», - նշված է Վլադիմիր Գասպարյանի շնորհավորանքում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---