30 հունիսի 2005 - 10:01 AMT
ԹՈՒՐՔ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԶԵԿՈՒՅՑ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած Արդարության եւ վերածննդի կուսակցության անդամ, պատգամավոր Թուրհան Չոմեզը հրապարակել է Հայաստան կատարած իր երկօրյա այցի արդյունքներին նվիրված զեկույցը: Ինչպես հաղորդել է թուրքական «HTB» հեռուստաալիքը, զեկույցում նշվում է, որ հայ-թուրքական խնդիրների լուծման համար անհրաժեշտ է ստեղծել աշխատանքային խումբ, որի մեջ կընդգրկվեն երկու երկրների խորհրդարանականները: Միեւնույն ժամանակ Անկարան պետք է աջակցի Երեւանի հետ առեւտրային հարաբերությունների զարգացմանը, մասնավորապես, անհրաժեշտ է խթանել մանր առեւտրականների գործարարության աճը: Փաստաթղթում նշվում է, որ հայկական սփյուռքի ներկայացուցիչները տարեկան Հայաստան են ուղարկում շուրջ 1 մլրդ դոլար: Ըստ թուրք խորհրդարանականի, այսօրվա դրությամբ Հայաստանում ուժեղանում է Սորոսի հիմնադրամի եւ ԱՄՆ կառավարության ազդեցությունը, ինչն առաջին հերթին կապված է ամերիկյան ռազմակայանների տեղակայման նախապատրաստման հետ հարավկովկասյան տարածաշրջանում: