30 հունիսի 2005 - 10:20 AMT
2006 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՄՆ-Ն ՈՐՊԵՍ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻՆ ԵՎ ԲԱՔՎԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 5-ԱԿԱՆ ՄԼՆ ԴՈԼԱՐ
Ամերիկյան ռազմական ֆինանսական օգնությունը Հայաստանին եւ Ադրբեջանին ԱՄՆ կողմից 2006 թվականին կկազմի 5-ական մլն դոլար: Նման որոշում է կայացրել ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երեքշաբթի երեկոյան տեղի ունեցած նիստում: Պալատը հաստատել է 2006 թվականի արտերկրյա գործողությունների համար նախատեսված հատկացումների մասին օրինագիծը: Փաստաթուղթը արժանացել է 393 կոնգրեսականների հավանությանը, 32-ը դեմ են քվեարկել: Հետաքրքրական է, որ կոնգրեսականները հրաժարվել են 2006 թվականին 4 մլն դոլարի ռազմական օգնություն տրամադրել Ուզբեկստանին` պատճառաբանելով դա «Ուզբեկստանի փոփոխական հանգամանքներով»: Միեւնույն ժամանակ Բալթիայի երկրները ստանում են 5-ական մլն դոլար օգնություն: ԱՄՆ պետդեպարտամենտի տեղեկատվության ծառայության տվյալներով, «արտերկրյա ռազմական ֆինանսավորման» ծրագիրը հանդիսանում է «ԱՄՆ արտաքին քաղաքականության չափազանց կարեւոր գործիք ողջ աշխարհում ԱՄՆ շահերը առաջ մղելու համար»: Այդ ծրագրի շրջանակներում արտերկրյա «կոալիցիայի գործընկերներին եւ բարեկամական կառավորություններին»հատկացվում են «դրամշնորհներ ամերիկյան պաշտպանական սպառազինության, ծառայությունների եւ նախապատրաստման» համար: Ներկայացուցիչների պալատի կողմից օրինագծի ընդունումից հետո, այն պետք է համաձայնեցվի այդ փաստաթղթի սենատի տարբերակի հետ, որի քննարկումը սկսվել է երեքշաբթի հատկացումների կոմիտեյում, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: