29 դեկտեմբերի 2012 - 12:55 AMT
Սոցիոլոգ. Ընտրություններում Սերժ Սարգսյանը կհավաքի 72 տոկոս ձայն, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 21 տոկոս

Գալիք նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուներից առավել մեծ վարկանիշ ունեն չորսը՝ գործող նախագահ և ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը և ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ իրենք հարցում են անցկացրել, ըստ որի՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանը կհավաքի 72 տոկոս ձայն, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 21 տոկոս:

«Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթելու հավանականությունը զրոյական է, սակայն երկրորդ տեղը գրավելը ևս շատ լավ արդյունք է: Րաֆֆի Հովհաննիսյանը հավակնում է նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձայների մի մասին: Նա ամերիկյան քաղաքական մշակույթ է բերում Հայաստան` էպատաժային, հացադուլային քաղաքականությունը մարդկանց դուր է գալիս»,- ասաց սոցիոլոգը:

Անդրադառնալով Պարույր Հայրիկյանի և Հրանտ Բագրատյանի վարկանիշին, Ահարոն Ադիբեկյանը նկատեց, որ Հայրիկյանը շանսեր ունի, բայց պետք է լավ աշխատի: Իսկ Հրանտ Բագրատյանի շանսերն ավելի մեծ են: Նա կարող է ստանալ ծայրահեղ ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները: