29 դեկտեմբերի 2012 - 13:35 AMT
Ձմեռ պապը Ամանորի փոխարեն Նավասարդն է տոնում ու ընտրություններին չի առաջադրվելու

Ձմեռ պապի գործերն ինչպես պիտի լինեն` նամակների, նվերների մեջ: Այսօր ավելացավ նաև լրագրողների հարցերին պատասխանելը: Լապլանդիայից եկած պապն ու Ձյունանուշն այսօր ասուլիսի ժամանակ ասացին նաև, որ ձմռանը մարդիկ շատ են բողոքում ցրտից, իսկ Ամանորը կոտրում է ցուրտն ու դժգոհությունները:

«Միայն Ձմեռ պապն է, որ Նոր տարին չի նշում, որովհետև նա զբաղված է նվերներ բաժանելով, այցելում է տներ, ուրախացնում փոքրիկներին: Հայաստան գալով՝ ես իմացա, որ այստեղ դեռևս հին դարերում Նավասարդն են տոնել, բայց օգոստոս ամսին: Ես Լապլանդիայում Նավասարդն եմ տոնում»,- ասաց նա:

Ձմեռ պապիկի ամենամեծ թոռնիկ Ձյունանուշն ասաց, որ ինքը բոլոր բալիկների քույրիկն է: «Փոքրիկներին ես շատ եմ սիրում: Չեք պատկերացնի, թե որքան հաճելի է, երբ նրան գրկում ես ու քեզ ասում է՝ «Ես քեզ շատ էի սպասում»:

Երեխաների նամակներում նշված նվերների մասին Ձմեռ պապն ու Ձյունանուշը պատմեցին, որ նույնիսկ մի 4 տարեկան փոքրիկ առանձին տուն, մեքենա ու համակարգիչ է խնդրել: Պատահել է նաև, որ քույրիկի, ապերիկի, մայրիկի ու հայրիկի համար են ինչ-որ բան խնդրել: Հաճախ հարցնում են` «Ձմեռ պապ, դու իսկակա՞ն Ձմեռ պապն ես»:

Քանի որ նախընտրական շրջանում է Հայաստան եկել, Ձմեռ պապը պատասխանեց նաև իր առաջադրման մասին հարցին.«Չեմ էլ մտածում դրա մասին: Ավելի լավ է ես Լապլանդիայում թագավոր լինեմ, քան Հայաստանում` նախագահ: Այնտեղ ինձ գնահատում են»:

Այս Ձմեռ պապն ու Ձյունանուշը ներկայացնում են «Երազանք» թատերախումբը: