29 դեկտեմբերի 2012 - 14:16 AMT
Ընտրողների ռեգիստրից հանվել է 715 մահացածի տվյալ, ոստիկաններն այցելել են հասցեներ, որտեղ 10-ից ավելի մարդ է գրանցված

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը շարունակում է բնակչության պետական ռեգիստրում մշակվող տեղեկությունների հավաստիությունն ու լրիվությունն ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են Ոստիկանությունից:

Իրականացված միջոցառումների արդյունքում ձեռք բերված տեղեկությունները հերթական անգամ ամփոփվել են դեկտեմբերի 28-ին: Ոստիկանության ծառայողներն այցելել են պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրերով փոխհատուցման կարգով նոր բնակարաններ ստացած 9641 քաղաքացիների, որոնցից 7175-ին պարզաբանել են բնակչության պետական ռեգիստրի մասին օրենսդրության պահանջները՝ քանդված, փլուզված կամ այլ կերպ գոյություն չունեցող հասցեների հաշվառումից հանվելու և իրական բնակության վայրի հասցեներում հաշվառվելու վերաբերյալ, իսկ 2484-ին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներն արդյունք չեն տվել:

Արդյունքում՝ 28.12.2012 թ. դրությամբ 1069 քաղաքացիներ հաշվառվել են փոխհատուցման կարգով ստացած նոր բնակելի տարածությունների հասցեներում:

Մահացած քաղաքացիների մերձավոր ազգականների շրջանում իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ ընտրողների ռեգիստրից հանվել են շուրջ 715 մահացածի անհատական տվյալներ, որոնց վերաբերյալ սահմանված կարգով և ժամկետում բնակչության պետական ռեգիստրը չէր տեղեկացվել:

Բնակչության պետական ռեգիստրում քաղաքացիների անհատական տվյալների ճշտությունն ապահովելու նպատակով, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ, բնակչության պետական ռեգիստրի պահոցից առանձնացվել են նաև այն հասցեները, որոնցում հաշվառված են 10 և ավելի քաղաքացիներ:

Ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների ծառայողները այցելություններ են կատարել 8774 հասցեներ, որոնցից 746-ում քաղաքացիներ չեն բնակվել, իսկ 278-ը եղել են սեփականատեր չունեցող հասցեներ, չհասցեավորված շինություններ, հիմնարկ-ձեռնարկություններ, հասարակական նշանակության օբյեկտներ:

Ոստիկանության աշխատակիցները սեփականատերերին պարզաբանել են տարածքային անձնագրային ծառայություններ դիմելու և իրենց բնակարաններում հաշվառված, սեփականության և օգտագործման իրավունք չունեցող անձանց հաշվառումից հանելու՝ օրենսդրությամբ վերապահված իրավունքները: