29 դեկտեմբերի 2012 - 14:41 AMT
Առաջին կին թեկնածուն փաստաթղթերը ներկայացրել է ԿԸՀ

2013-ի փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրման համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթերն է ներկայացրել առաջին կին թեկնածուն: ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց, որ իրենք ստացել են Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի փաստաթղթերը: Նարինե Մկրտչյանը այս պահի դրությամբ առաջադրված 8-րդ թեկնածուն է:Հերմինե Հարությունյանը տեղեկացրեց, որ ավելի վաղ առաջադրման փաստաթղթերը ԿԸՀ է ներկայացրել նաև Պավլիկ Սարգսյանը: Վերջինս ինքնառաջադրվել է:

Ինչպես հայտնի է, արդեն առաջադրվել են նաև Սերժ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը, Վարդան Սեդրակյանը, Մհեր Հայրապետյանը, Արամ Հարությունյանը և Անդրիաս Ղուկասյանը:

Ավելացնենք, որ առաջադրումների ժամկետը մեկնարկել է դեկտեմբերի 25-ին և կավարտվի հունվարի 4-ին: Հունվարի 4-ից կսկսվի թեկնածուների գրանցման ժամկետը, որը կավարտվի հունվարի 14-ին: Քարոզարշավը կսկսվի հունվարի 21-ից: