29 դեկտեմբերի 2012 - 15:47 AMT
Տոնածառի փոխարեն հնում հայ ընտանիքներում ձիթենու ճյուղն էր ընդունված

Հայաստանում տոների համակարգը բազմազան է, բազմաժանր ու հարուստ, սակայն ժողովուրդն այնքան էլ տեղեկացված չէ: Այսօր ասուլիսի ժամանակ ասաց ազգագրագետ Ռաֆայել Նահապետյանը: Նրա խոսքով նույնիսկ ազգային, պետական տոների մասին ժողովուրդը գիտի միայն այն, որ աշխատանքային օր չէ: Ամանորի մասին ազգագրագետը նշեց, որ հին հայերը Նավասարդն են տոնել` Բելի դեմ Հայկի տարած հաղթանակի օրն էր համարվում տարվա սկիզբը: Տոնին մանակցել են բոլորը` ռամիկից մինչև արքա, ձիարշավներն են կազմակերպվել, եղջերուներով վազքեր:

«Տոնածառի փոխարեն հնում հայ ընտանիքներում ձիթենում ճյուղն էր ընդունված: Այն զարդարում էին թարմ ու չոր մրգերով: Օտարածին երևույթների փոխարեն մենք ունենք մեր համարժեքը: Հինն ու ավանդականը պետք է վերականգնել: Ճիշտ է` հիմա ժամանակները, բարքերն ու մոտեցումները փոխվել են ու հին տոները չեն համապատասխանում սոցիալ-քաղաքական, մշակութային այս ժամանակաշրջանին, բայց ճիշտ կազմակերպելու խնդիր է», - ասաց Ռաֆայել Նահապետյանը:

Տեր Թովմա քահանա Անդրեասյանն ասուլիսի ժամանակ խոսեց Սուրբ Ծննդի մասին: «Քրիստոնյանները տոնին պատրաստվում են դեկտեմբերի 30-ից պաս պահելով, հունվարի 5-ին տեղի է ունենում Ճրագալույցի պատարագը, 6-ին տոնում ենք Սուրբ Ծնուննդն, իսկ 7-ին մեռելոց է», -նշեց քահանան ու ավելացրեց որ հունվարի մեկը նաև հոգևոր տարվա սկիզբն է, բայց Սուրբ Ծնունդն Ամանորից ավելի կարևոր է: