
Դեկտեմբերի 23-ի երեկոյան համացանցում տարածվեց Փակ շուկայում իրականացվող ապօրինի շինարարության լուսանկարը, մեկ օր անց՝ տեսանյութը:
Մինչ կստանայի գրավոր հարցմանս պատասխանները Երևանի քաղաքապետարանից և ՀՀ մշակույթի նախարարությունից, դիմեցի ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանին: Ի պատասխան՝ նախարարը նշեց, որ Փակ շուկայում շինարարությունը թույլատրված է միայն զրոյական նիշի հատվածի համար: «Իսկ ինչ վերաբերում է ներկայումս ընթացող շինարարությանը, ապա ես ՀՀ մշակույթի նախարարությանը հանձնարարել եմ ուսումնասիրել այդ գործընթացը, վերջինս պետք է մինչև տարեվերջ զեկուցի ուսումնասիրությունների արդյունքների մասին»,- նշեց նա` հավելելով, որ այդ շինարարության վերաբերյալ նախագիծը շուտով կհրապարակվի: Ստացվում է՝ շինարարությունն իրականացվում է ապօրինի, իսկ միակ ձեռնարկված միջոցն առայժմ դրա ուսումնասիրություններն են, որոնք դեռ նոր են սկսվել. ինչպիսի օպերատիվություն:
Երեկ ստացա նաև Մշակույթի նախարարության պատասխանը, որում ասվում է. «Փակ շուկայի կառուցապատման փաստաթղթերում առկա են ստորգետնյա հատվածի վերաբերյալ ավտոկայանատեղիի ու պահեստային տարածքի (քաղշին նախարարի նշած զրոյական նիշի հատվածի) կառուցման` մշակույթի նախարարության եզրակացության հիման վրա Երևանի քաղաքապետարանի կողմից տրված համաձայնեցված աշխատանքային նախագիծը և շինարարական թույլտվությունը: Միաժամանակ հայտնում ենք, որ սույն թվականի հուլիսի 13-ին ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի նիստում սահմանված կարգով քննարկվել է «Երևանի թիվ 1 շուկա» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կենտրոնական ծածկած շուկայի վերականգնման և վերակառուցման վերգետնյա մասի էսքիզային նախագիծը»: Այսինքն, նախագիծը քննարկվել է, բայց ոչ հաստատվել է, ոչ էլ, առավել ևս, հրապարակվել:

«Դեկտեմբերի 20-ին Երևանի քաղաքապետարանը դիմել է ՀՀ մշակույթի նախարարություն Ծածկած շուկայի 0.00 նիշից բարձր հատվածամասի ուժեղացման և վերակառուցման ճարտարապետահատակագծային առաջադրանքը համաձայնեցնելու խնդրանքով: Նախարարությունը ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագծին տվել է նախնական համաձայնություն (այստեղ, ինչպես հասկանում եմ, կարևորը «համաձայնություն» բառն է), սակայն համաձայն սահմանված կարգի պահանջել է կազմել հուշարձանի տեխնիկական վիճակի մասին ակտ, որի հիման վրա մշակել նախագծային առաջադրանք և համաձայնեցնել լիազոր մարմնի հետ:
Հայտնում ենք նաև, որ 2012 թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ մշակույթի նախարարություն համաձայնեցման է ներկայացվել Կենտրոնական ծածկած շուկայի մասնակի վերակառուցման, պահպանված հատվածի վերականգնման և ուժեղացման աշխատանքային նախագիծը, և ներկայումս այն գտնվում է քննարկման փուլում:
Բացի այդ, հաշվի առնելով, որ վերգետնյա հատվածի նախագիծը դեռևս համաձայնեցված չէ, մշակույթի նախարարությունը բազմիցս արձագանքել է Ծածկած շուկայի 0.00 նիշից բարձր ապօրինի շինարարության իրականացմանը և դադարեցնելու նպատակով դիմել է կառուցապատողին, Երևանի քաղաքապետարանին, ՀՀ քաղաքաշինության նախարարությանը, ՀՀ քաղաքաշինության նախարարության տեսչությանը, Երևանի դատախազությանը և այլ պետական մարմիններին», ասվում է նախարարության պատասխանում:

Ուղղակի «հիանում եմ» պետական մարմինների «ցրելու» ընդունակությամբ, իսկ մեջտեղում տուժում է Փակ շուկան, որի հետնամասում (որի տակ, դատելով իրականացվող շինարարության տարածքից, շենքի առնվազն կեսը կարելի է հասկանալ) արդեն շենքի բարձրությունը գերազանցող հիմքեր են ամրացվել, որոնք նախանշում են սիթիանման զանգվածի գոյացումը: Մշակույթի նախարարությունը ուսումնասիրությունների արդյունքների մասին այդպես էլ չզեկուցեց, շինարարությունների նախագիծ այդպես էլ չի ներկայացվել և չի հրապարակվել: Եվ գիտե՞ք ինչ, սա անպատասխանատվություն չէ, սա ինքնաոչնչացում է. ընդամենը մի քանի պաշտոնյաներ, ում, ցավոք սրտի, իրավունք է վերապահվել տնօրինելու հուշարձանների ճակատագիրը, գիտակցաբար ջնջում են իմ հիշողությունը, իմ անցյալը. չկա անցյալ, չկա և ապագա: Ափսոս, որ նրանց ատելուց բացի ուրիշ ոչինչ ի զորու չեմ անել:
Հ.Գ. Երևանի քաղաքապետարանը գրավոր հարցման պատասխանը հետաձգեց մինչև 2013թ. առաջին աշխատանքային օրերը, իսկ թե ինչ կկատարվի Փակ շուկայում մինչ այդ, սարսափում եմ պատկերացնել…