30 հունիսի 2005 - 12:54 AMT
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ ԵՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Բելառուսի անկախության օրվա կապակցությամբ Հայաստանում այդ երկրի դեսպանությունում կանցկացվեն տոնական միջոցառումներ: Ինչպես նշվում է դեսպանության տեղեկատվությունում, այսօր կկայանա տոնին նվիրված պաշտոնական ընդունելություն, իսկ հուլիսի 3-ին` անկախության օրը, Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հ. Ք. Բաղրամյանի հուշարձանին ծաղիկներ կդրվեն: Հուլիսի 3-ին Բելառուսում նշվում է գլխավոր պետական տոնը` Բելառուսի անկախության օրը, Հանրապետության օրը: Այս տարի Անկախության օրը նշվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի 60-րդ տարեդարձի տարում, որը բելառուսների համար դարձել է Մեծ Հայրենական` պատերազմ ստրկության սպառնալիքի եւ ֆիզիկական ոչնչացման դեմ: 1944 թվականի հունիս-հուլիս ամիսներին Բելառուսը լիովին ազատագրվել էր: Նրա անկախության համար մարտնչել են շատ ազգությունների ներկայացուցիչներ: Նրանց շարքում են եղել նաեւ հայ ժողովրդի լավագույն զավակները, որոնցից շատերը պարգեւատրվել են Բելառուսի ազատագրման համար շքանշաններով եւ մեդալներով, ստացել են Խորհրդային Միության հերոսի կոչում: Շնորհիվ բանակի վճռական գործողությունների, պարտիզանական շարժման` բելառուս ժողովուրդը պահպանվել է որպես ինքնուրույն ազգ: