30 հունիսի 2005 - 13:11 AMT
ԹՈՒՐՔԻԱՆ ՄԻՇՏ ԱՋԱԿՑԵԼ ԵՎ ԱՋԱԿՑԵԼՈՒ Է ԲԱՔՎԻՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Ղարաբաղյան հարցում Թուրքիան միշտ աջակցել եւ աջակցելու է Ադրբեջանին: Այս մասին այսօր Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ամփոփելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ կայացած բանակցությունների արդյունքները: Թուրքիայի կառավարության ղեկավարի խոսքերով` «Թուրքիան հանդես է գալիս հակամարտությունը երկխոսության շրջանակներում կարգավորելու օգտին, բայց լուծումը կապված է բռնագրավված տարածքների ազատման հետ»: Իր հերթին, Իլհամ Ալիեւը նշել է, որ թուրք-ադրբեջանական հարաբերությունների զարգացումը կարեւոր է ոչ միայն երկու երկրների համար, այլեւ ազդում է տարածաշրջանի գործընթացների վրա: Տարածաշրջանային խոշոր էներգանախագծերը, որոնց մասնակցում են Ադրբեջանը եւ Թուրքիան, «նպաստում են տարածաշրջանային հարաբերությունների համակարգում երկու երկրների դերի ուժեղացմանը», հայտարարել է Ադրբեջանի նախագահը: Բանակցությունների արդյունքներով Ալիեւը եւ Էրդողանը ստորագրել են համատեղ հայտարարություն, որում սահմանված են քաղաքական, տնտեսական եւ մշակութային բնագավառներում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման գերակայությունները, ինչպես նաեւ մի շարք միջկառավարական համաձայնագրեր, տեղեկացնում է «Երկիր» թերթը: