30 հունիսի 2005 - 13:25 AMT
ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՉԵՆ ԶԱՐԳԱՑՆՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Չնայած Հայաստանի եւ Լիտվայի միջեւ կայուն քաղաքական երկխոսության գոյությանը, առկա է երկկողմ տնտեսական հարաբերությունների դեռեւս ցածր մակարդակը, ապրանքաշրջանառության փոքր ծավալները: Այս մասին հայտարարել են Հայաստանի եւ Լիտվայի վարչապետներ Անդրանիկ Մարգարյանը եւ Ալգիդրաս Բրազաուսկասը, տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: Միեւնույն ժամանակ կողմերը հույս են հայտնել, որ Հայաստանի վարչապետի Լիտվա կատարած այցի շրջանակներում անցկացվելիք գործարար համաժողովը նոր խթան կհանդիսանա առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար: Տնտեսության տարբեր բնագավառներում համագործակցությունը խթանելու համար կողմերը կարեւորել են օտարերկրյա ներդրումների խրախուսման փորձի փոխանակման, Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ կատարելու լիտվական կողմի հնարավորությունների, գիտատեխնիկական համագործակցության, բարձր տեխնոլոգիաների բնագավառում համատեղ ծրագրերի իրագործման հարցերը: Ինչպես նշել է ՀՀ վարչապետը, Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումների արդյունքում վերջին տարիներին արձանագրվել է տնտեսական աճ, օտարերկրյա ներդրումների համար ստեղծվել է բարենպաստ օրենսդրական դաշտ, ինչի շնորհիվ ներդրումների տարեկան միջին աճը 2000-2004 թվականներին կազմել է շուրջ 20 տոկոս: Հաշվի առնելով, որ Լիտվայի` Եվրամիությանն անդամակցելուց հետո երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության հետագա զարգացման համար իրավական հիմք է հանդիսանում ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ համագործակցության համաձայնագիրը` կողմերը կարեւորել են Հայաստանի եւ Լիտվայի միջեւ «Ներդրումների եւ փոխադարձ պաշտպանության մասին», «Գիտատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրերի նախապատրաստման եւ ստորագրման գործընթացների ակտիվացումը: Համագործակցության այլ ոլորտների թվում կողմերը նշել են գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության, տրանսպորտի, ռազմական, սոցիալական, կրթության, գիտության եւ մշակույթի բնագավառները: