30 հունիսի 2005 - 14:10 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ԼԻՏՎԱՅԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐՄԱԼԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանդիպել է Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսի հետ, տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում Ա.Մարգարյանը նշել է տարբեր մակարդակի փոխայցելությունների կարեւորությունը հայ-լիտվական հարաբերությունների հետագա խթանման համար: Հավաստելով, որ Հայաստանն ընտրել է եվրոպական ընտանիքին ինտեգրվելու ուղին, ինչպես նաեւ ցանկանում է եվրոպական քաղաքական ու տնտեսական չափանիշներին համապատասխան պետություն ունենալ` Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ ԵՄ «հարեւանության» ծրագրի մեջ Հայաստանի ընդգրկումը մեծ հնարավորություններ է ընձեռում ԵՄ անդամ երկրների, այդ թվում` Լիտվայի հետ մեր երկրի հարաբերությունների խորացման համար: Իր հերթին Վալդաս Ադամկուսը հավաստել է, որ հարաբերությունները Հարավային Կովկասի երկրների, այդ թվում` Հայաստանի հետ Լիտվան դասում է իր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքին` փորձելով կապող օղակի դեր ստանձնել Հարավային Կովկասի եւ Եվրամիության միջեւ: Այդ առումով նա ընդգծել է եվրաինտեգրման ճանապարհին դժվարությունների հաղթահարման գործում Հայաստանին աջակցելու Լիտվայի պատրաստակամությունը: Անդրադառնալով տարածաշրջանային համագործակցության զարգացման խնդիրներին` կողմերը կարեւորել են տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման ուղղությամբ ԵՄ-ի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի եւ ԵԽ-ի գործադրած ջանքերը: Իր հերթին, Ա. Մարգարյանն ընգծել է Լիտվայի առաջատար դերը 3+3 ձեւաչափով նախաձեռնության գործում: Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են հարցեր, որոնք առնչվում են Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ռուսաստան-Վրաստան հարաբերություններին, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա վիճակին ու զարգացման հեռանկարներին` տարածաշրջանում կայունության եւ անվտագության ամրապնդման տեսանկյունից: Ա.Մարգարյանը նշել է, որ ակնկալում է Լիտվայի աջակցությունը` Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակման եւ այդ երկրի հետ հարաբերությունների բարելավման, ինչպես նաեւ ԵՄ այլ երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: Հայաստանի` եվրաինտեգրման համատեքստում կողմերը կարեւորել են նաեւ տնտեսական համագործակցության հետագա խորացումը: Այդ առումով Ա.Մարգարյանը նշել է, որ Հայաստանի եւ Լիտվայի միջեւ տնտեսական համագործակցության մակարդակը, ապրանքաշրջանառության ծավալները զգալիորեն հետ են մնում քաղաքական հարաբերությունների զարգացումից: Ընդսմին կողմերը հույս են հայտնել, որ հայ-լիտվական տնտեսական համագործակցութունն ունի ներուժ, որի օգտագործումը դրականորեն կանդրադառնա երկու երկրների տնտեսությունների վրա: Լիտվայի նախագահի հետ հանդիպումից հետո Անդրանիկ Մարգարյանն այցելել է «Անտակալնիս» պանթեոն եւ ծաղկեպսակ դրել Անկախության համար զոհվածների հուշարձանին: Այնուհետեւ Լիտվայի մայրաքաղաքի քաղաքապետի ուղեկցությամբ Ա.Մարգարյանն այցելել է Վիլնյուսի քաղաքապետարան: Վաղը նախատեսվում է վարչապետի հանդիպումը Լիտվայի խորհրդարանի նախագահ Արթուրաս Պաուլաուսկասի հետ: