5 հունվարի 2013 - 15:32 AMT
Էդուարդո Լորենցո Օչոա. Շատ կարևոր է, որ այս ընտրություններում «արկածներ» չլինեն

Գալիք նախագահական ընտրություններում գործող նախագահ, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանը, ըստ որոշ քաղաքագետների, լուրջ մրցակից չունի: Նրանք մտավախություն ունեն, որ այս պայմաններում ընտրությունները չեն լինի մրցակցային: Իշխող՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն էլ հակադարձում են, որ եթե կան այլ թեկնածուներ, ուրեմն կա նաև մրցակցություն:

Ըստ ԵՄ Խորհրդատվական խմբի Ժողովրդավարական կառույցների հզորացման հարցերով խորհրդատու Էդուարդո Լորենցո Օչոայի՝ ընտրությունները կլինեն մրցակցային, թե՝ ոչ, կախված է նրանից, թե հայերն ինչքանով են պատրաստ իրենց աջակցութունը տրամադրել տարբեր թեկնածուներին: «Եվրամիության համար շատ կարևոր է ինքնին ընտրական գործընթացը: ԵՄ-ն ակնկալում է, որ Հայաստանի նախագահական ընտությունները կանցնեն լիովին համահունչ ԵՄ չափանիշներին»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա:

Էդուարդո Լորենցո Օչոան նշեց, որ շատ կարևոր է, որ այս ընտրություններում «արկածներ» չլինեն: «ԵՄ-Հայաստան հարաբերությունների տեսանկյունից շատ լավ կլինի, որ գալիք նախագահական ընտրություններն անցնեն առանց բացթողումների և թերությունների»,- նկատեց ԵՄ ներկայացուցիչը: