5 հունվարի 2013 - 15:39 AMT
26 գիտական խմբեր 2013թ.-ին կստանան դրամաշնորհներ

Հայաստանում աշխատող 26 գիտական խմբեր 2013թ. կստանան Հայկական ազգային գիտակրթական հիմնադրամի (Armenian National Science and Education Fund – ANSEF) դրամաշնորհներ` յուրաքանչյուրը 5000-ական ամերիկյան դոլար: Ներկայացված 184 հայտերից հաղթողներն ընտրվել են հիմնադրամի հանձնաժողովի կողմից` 40 անկախ գրախոսողների կարծիքների հիման վրա: Հաղթողների մեջ են 15 խմբեր Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) ինստիտուտներից, 7` Երևանի պետական համալսարանից, 2` Հայկական պետական ճարտարագիտական համալսարանից և 1-ական` Հայկական պետական բժշկական համալսարանից և Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտից: Ամենաշատ դրանաշնորհներ ստացել են ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի (3-ական) և ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի (2) գիտական խմբերը: Ճշգրիտ գիտությունների (հիմնականում` ֆիզիկայի և աստղաֆիզիկայի) ներկայացուցիչներն արժանացել են 12 դրամաշնորհի, բնական գիտությունները` 13 և հասարակական գիտությունները` 1 դրամաշնորհի:

Նշենք, որ Հայկական ազգային գիտակրթական հիմնադրամը ստեղծվել է 2000թ. ԱՄՆ հայ մտավորականների կողմից: 2001թ.-ից սկսած տարեկան 25-ական դրամաշնորհ է տրամադրում Հայաստանում աշխատող գիտական խմբերին։ Մինչ օրս հիմնադրամը տրամադրել է 326 դրամաշնորհ, որոնցից օգտվել է մոտ 600 հայ գիտնական, այդ թվում` բազմաթիվ երիտասարդ գիտաշխատողներ։ ANSEF շրջանակներում է տրվում նաև Ուիլյամ Մեսրոպյանի անվան աստղագիտության դրամաշնորհը, իսկ սկսած 2013թ.` նաև Ամերիկայի հայ գիտնականների և ճարտարագետների ընկերության (AESA) դրամաշնորհը: