1 հուլիսի 2005 - 08:20 AMT
Ի.ԱԼԻԵՎ. ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ԴՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են դրական ուղղությամբ: Այդ մասին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Կարգավորման հեռանկարների մասին հարցին նա ասել է, որ «իրավական եւ պատմական տեսակետներից Ադրբեջանի դիրքերը ավելի շահեկան են»: «Բանակացությունների աշխուժացումը հիմք է տալիս հուսալու, որ հակամարտությունը կկարգավորվի: Հակառակ դեպքում բանակցելն իմաստ չէր ունենա»: Ըստ Ի.Ալիեւի, այդ հակամարտության հադեպ միջազգային հանրության վերաբերմունքը փոխվել է: Որպես դա հաստատող փաստաթուղթ նա բերել է Եվրոպայի Խորհրդի Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւը.«Այդ փաստաթուղթը հիմք է ստեծել բանակցությունները շարունակելու համար: Խնդիրը պետք է լուծվի, ինչպես դա պահանջում է միջազգային իրավունքը, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հաշվի առնելով: Միեւնույն ժամանակ միջազգային հանրությունը հաշվի չի առնում հայկական կողմի դիրքորոշումը, որը հիմնված է ոչ թե իրողությունների, այլ հայկական երազանքների վրա: Մենք հավատում ենք, որ հենց այս փուլում բանակցություններում շրջադարձ կլինի, եւ խնդիրը կգտնի իր լուծումը»: Իր հերթին Ռեջեփ Թաիփ Էրդողանը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության հարցում իր երկրը միշտ կաջակցի Ադրբեջանի դիրքորոշմանը: «Թուրքիան ղարաբաղյան հարցում մինչ օրս եղել է Ադրբեջանի կողքին, եւ առաջիկայում եւս միայնակ չի թողնի Ադրբեջանին: Թուրքիայի վերաբերմունքը այդ հակամարտության հանդեպ նմանատիպ է Ադրբեջանի մոտեցմանը: Թուրքական Հանրապետությունը քիչ ջանք չի գործադրել Հայաստանին օկուպանտ հայտարարող բանաձեւի ընդունման համար Եվրոպայի Խորհրդում»: