1 հուլիսի 2005 - 10:04 AMT
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ. ԵՍ ԿԽՈՍԵՄ ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՅՆՔԱՆ ԺԱՄԱՆԱԿ, ՄԻՆՉԵՎ ՈՐ ԿԼՈՒԾՎԻ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ
Հայաստանի նախագահին կից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, մեկնաբանելով լրագրողների խնդրանքով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հայտարարությունը, թե ինքը պատրաստ է «որոշակի երաշխիքներ եւ արտոնյալ պայմաններ» տալ, եթե «Լեռնային Ղարաբաղը վերադառնա Ադրբեջանի իրավասության տակ», հայտարարել է.«Լավ կլիներ, որ այդ խոսքերը հնչեին Ալիեւ-ավագի շուրթերից 20 տարի առաջ: Այն ժամանակ դրանք կարող էին ինչ-որ արժեք ունենալ, իսկ այսօր դրանք միայն խոսքեր են»: Նախարարը հերթական անգամ հիշեցրել է հայկական կողմի դիրքորոշումը, այն է` Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման երեք սկզբունքները (ԼՂՀ-ն չի կարող լինել Ադրբեջանի կազմում, Լեռնային Ղարաբաղը պետք է ցամաքային սահման ունենա Հայաստանի հետ, անհրաժեշտ է ԼՂՀ անվտանգության հստակ երաշխիքների ապահովում) եւ հայտարարել է, որ այս համատեքստում «ցանկացած որոշում շահավետ է մեզ համար, սակայն առավել հավանական է, եւ մեզ համար էլ շահավետ է ունենալ երկու պետություն»: Անդրադառնալով առանձին անձանց հավաստիացումներին, որոնք պնդում են, թե Հայաստանի պաշտպանության նախարարի հրապարակած փոխզիջումների քաղաքականությունը վկայում է պարտվողական տրամադրվածության մասին ղարաբաղյան հարցի լուծման ընթացքում եւ բացասաբար է անդրադառնում ԶՈՒ բարոյահոգեբանական վիճակի վրա, Սերժ Սարգսյանը հայտարարել է.«Ո՞վ է բանակի բարոյահոգեբանական վիճակի այդ մասնագետը, որը փորձում է մեղադրել ինձ եւ ով է ինձնից լավ հասկանում այդ հարցերը»: «Ես խորհուրդ կտայի այդ մարդկանց 10 անգամ մտածել, հետո խոսել, քանի որ դրանք այն մարդիկ են, որոնք ծանոթ չեն բանակին, փախել են բանակից: Եթե նրանք իրոք մտահոգված են բանակում տիրող իրավիճակով, մտածում են հողերի մասին, թող գնան եւ պաշտպանեն»,-նշել է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը: «Այո, ես խոսել եմ փոխզիջումների մասին: Ասել եմ 10 տարի առաջ եւ կասեմ այնքան ժամանակ, մինչեւ որ այդ հարցը կլուծվի: Եթե ինձ ցույց տան առանց փոխզիջումների կարգավորվող հարցեր, ես կասեմ, որ իրավացի չեմ եղել: Բայց ներկայացնել փոխզիջումների գնալու պատրաստակամությունը որպես պարտվողական տրամադրություն, դա արդեն քաղաքական խայթոց է: Բոլորը գիտեն, որ ես նման տրամադրություն չունեմ, ինչն էլ ապացուցել եմ ողջ կյանքիս ընթացքում»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը: «Բանակցային գործընթացի ներկայիս փուլը դեռեւս 1998 թվականին սկսված գործընթացների տրամաբանական շարունակությունն է: Կարծում եմ, որ եթե ամեն ինչ շարունակվի այդ տրամաբանությամբ, մենք բոլորս այն բանի վկաները կդառնանք, թե ում խոսքերն էին ճիշտ եւ ով էր կանգնած ճշմարիտ ուղու վրա»,-նշել է հայ նախարարը: Ընդ որում նա կարեւորել է Լեռնային Ղարաբաղի հարցով տարբեր զեկույցները միջազգային կառույցներում, «քանի որ մենք միջազգային հանրության մի մասն ենք կազմում»; «Սակայն չեմ կարծում, որ այսօր եկել է պահը, երբ մեզ համար կհրապարակվեն վճռորոշ զեկույցներ»,-հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: