9 հունվարի 2013 - 10:21 AMT
Իրաքը փակում է Հորդանանի հետ սահմանը

Իրաքը մտադիր է փակել Հորդանանի հետ սահմանը: Իրաքի պաշտպանության նախարարությունը ծայրահեղ միջոցների է գնացել կապված նրա հետ, որ հակակառավարական ցույցերի մասնակիցները փակել են հիմնական ճանապարհը, որը միացնում է երկու պետությունները, հաղորդում է France 24-ը: «Մենք հրաման ենք ստացել պաշտպանության նախարարից փակել սահմանը, քանի որ ցուցարարները շարունակում են խոչընդոտել տրանսպորտի երթևեկությանը»,- հայտարարել է սահմանապահ ծառայության ներկայացուցիչը:

Տեղեկատվությունն արդեն հաստատվել է Հորդանանում: Պաշտոնական աղբյուրներն առայժմ զերծ են մնում ենթադրություններից, թե երբ կրկին կբացվի սահմանային անցակետը: